«Իսկ մնացածը մորուց ըտենց են ծնվել, հա՞». Ծառուկյանի դեպուտատ փեսա

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 11:55
Դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր է և Գագիկ Ծառուկյանի փեսան, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն շատ լավ է զգում Ազգային ժողովում:

«Քաղաքացիներն իրենց պատգամավորներից շատ բան են պահանջում, բայց չենք կարող բոլոր խնդիրներին լուծում տալ, այլ պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, լսելի դարձնել ընտրողների ձայնը ԱԺ-ում»,- ասաց նա:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ առանձին խնդիրներ են եղել իր և ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի միջև, քանի որ ինքը մրցակցությունիդ դուրս է թողել Այվազյանին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ուրեմն, դրանք հերյուրանքներ են, ոչ մի խնդիր չի եղել ընդհանրապես, շատ փայլուն ու թափանցիկ ընտրություններ ենք ունեցել»,- ասաց նա:

Հարցին, փաստորեն ստացվում է, որ Հայաստանում պաշտոնյա հայրերին փոխարինելու են գալիս որդիները, կարծես պաշտոնները սերունդներին են փոխանցում, դա նորմա՞լ է, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի ընտրել է, լա՞վ»:

Ի՞նչ արժանիքի համար են իրեն ընտրել, հարցին նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել Կոտայքի մարզի բնակիչներին:

«Իսկ մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտենց են ծնվել, հա՞: Աստիճանաբար սկսել են, չէ՞: Ես իմ աշխատանքը խորհրդարանում էի պատկերացնում: Ես չեմ նշանակվել, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել»,- հավելեց Մանուկյանը:

Ամենաընթերցվածը