Հիմա ես չեմ տեսել Զարուհու էդ հատվածը, կապտուկներ կան, թե չէ. Ալիկ Սարգսյան

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 11:37
ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ոստիկանների գործողությություններին և «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Այդ երրևույթի մեջ ես ավելի շատ սադրանք եմ տեսնում և չեմ կարծում, թե ոստիկանությունն ինչ-որ… բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգտեմ ինչ, բայց դրան էդպես մի նայեք: Կներեք, եթե կինը 10 անգամ, 20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և պահանջում է այն, ինչը նա օրենքվ սահմանված կարգով իրավունք չունի, ի՞նչ պետք է անել: Պատկերցրեք, մեկի բնակարան մտնեք, ասեք՝ լրագրող եմ, եկել եմ ձեր պահարանը ստուգել, դուք իրավունք ունե՞ք: Այնուամենայնիվ, հասավ այդ իրավիճակին, որովհետև եթե մի երևույթ իր մեջ սադրանք է պարունակում, դա հղի է ամեն տեսակի տեսարաններով»,- ասաց Ալիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ ցավալի է, որ տուժել է նաև Զարուհի Փոստանջյանի դուստրը, բայց չի կարծում, թե ոստիկաններն աղջկա նկատմանբ բռնություն են գործադրել: «Հիմա ես չեմ տեսել Զարուհու էդ հատվածը, կապտուկներ կան, թե չէ, բայց վստահ եմ ու հայտարարում եմ՝ ոչ մի ոստիկան նրա աղջկա վրա ձեռք չէր բարձրացնի, ջահել, երիտասարդ աղջկան, չեմ կարծում, որ որևէ ոստիկան դրան կդիմեր»,- հավելեց նա:

Հարցին, թե չի՞ կարծում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի տիրապետում իրավիճակին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Արդարության դեմ չմեղանչելու համար չեմ կարծում: Ես պաշտպանելու առիթ չունեմ, ոչ էլ Վլադիմիր Գասպարյանը պաշտանվելու կարիք ունի, ես ուղղակի ասում եմ այն, ինչ կա: Սպասենք Վլադիմիր Գասպարյանի արձագանքին, չեմ կարծում,որ դա ծածկադմփոցի կարգով կծածկի»,- նշեց նա:

Հարցին, թե բազմաթիվ ահազանգեր եղան, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, ինչո՞ւ ոստիկաններն օպերատիվ չգործեցին, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես ինքս բամիցս ասել եմ, մեկ ա, դուք չեք հավատում: Եթե ես տեսած լինեի նման երևույթ, ես էլ կասեի՝ ասում են»:

Դիտարկմանը, որ միգուցե ինքը հենց ընտրակաշառք բաժանողներից մեկն է եղել, Ալիկ Սարգսյանը վրդովված պատասխան տվեց. «Ի՞նչ եք ասում, ինչի՞ց եք էդքան վստահ: Ես էլ ասում եմ՝ դա էլ է հերյուրանք, ինչու չէ, զրպարտանքի տարրեր է պարունակում իր մեջ: Ո՞նց կարող եք դուք ինձ մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ»: Հարցին, թե կարո՞ղ է Սահմանադրության վրա երդվել, որ ընտրակաշառք չի բաժանվել, նա նման պատասխան տվեց. «Ես իմ համար կարող եմ երդվել, բայց ոչ ձեր հորդորով: Ուղղակի դրա կարիքը չկա, երդվելն այս պահին տղամարդուն հարիր չէ: Ավետարանն էլ դուք հեսա կբերեք, չեմ կասկածում»: 

Ամենաընթերցվածը