Միհրան Պողոսյանը լրագրողներին մեղադրեց արտագաղթը խթանելու մեջ

  • Ներքին կյանք - 19 Մայիսի 2017, 11:28
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի գլխավոր կոչը իր համար հետևյալն էր՝ անվտանգություն և առաջընթաց: «Անվտանգություն և առաջընթաց, դա այն ուղղությունն էր, որը ՀՀԿ-ն որդեգրել է»,- ասաց նա:

Լրագրողների հացրին՝ Սերժ Սարգսյանը խոսում էր օրենքի երկիր ունենալու մասին, Միհրան Պողոսյանը չի՞ վախենում, որ մի օր Հայաստանն իրոք կդառնա օրենքի երկիր: «Մենք աշխատում ենք ամեն ինչ անենք, որ Հայաստանը մի օր դառնա իսկապես 100 տոկոսանոց օրենքի երկիր»,-  արձագանքեց Պողոսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ օրենքի երկիի չէ, դրա համա՞ր են խորհրդարանում այսօր գտնվում մարդիկ, որոնց տեղը խորհրդարանը չէ:

Միհրան Պողոսյանը նյարդայնացավ այս հարցից: «Գիտեք, ուրեմն գնահատականը տվել է ժողովուրդը, թե ով է խորհրդարանում, և ոչ մի լրագրող, Հայաստանի ոչ մի քաղաքացի իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնելու: Այստեղ գտնվում են մարդիկ, որոնց տասնյակ հազարավոր ժողովրդի ձայնի բարձրացնողն են խորհրդարանում: Եվ ես բազմիցս ասել եմ, նորից հորդորում եմ լրատվական դաշտին՝ պետք է թողնել ինտրիգները և գնալ առաջ:

Պետք է հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ, այսօր ձևավորված  մի խորհրդարան, որը լիազորված է ժողովրդի կողմից և որն ունի անելիքներ, և ժողովուրդը տվել է տասնյակ հազարավոր ձայներ ու սպասում է: Հիմա մեր անելու ժամանակն է, մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք արժանի ենք եղել այդ ձայներին»,- ասաց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ ուզում է առիթից օգտվել ու լրագրողներին ասել, որ լրատվամիջոցները շատ հասանելի են այսօր ժողովրդի համար: Պետք է ամեն մի ինֆորմացիայի աղբյուր վերահսկեն ու ստուգեն, ոչ թե ինտրիգներ փնտրեն: Հետո նա լրագրղներյն մեղադրեց, որ մարդիկ արտագաղթում են Հայաստանից: «Ձեր մոտեցումները և ինտրիգային դաշտ ստեղծելը մեկ անձի ավելացնում է, որը մտածում է, որ պետք է թողել ու լքել Հայաստանը»,- նշեց նա: Հարցին, իսկ չի՞ կարծում, որ հենց իր ու իր նմանների պահվածքն է դրդում, որ մարդիկ լքեն երկիրը, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Դուք շատ անելիքներ ունեք, և ես խոսում եմ, իսկ դուք ինձ ընդհատում եք: Դուք չեք էլ սպասում, ես դասեր չեմ տալիս, ընդամենը կարծիք եմ հայտնում: Եվ եթե դուք շարունակեք պրովոկացիա անեք, եթե շարունակեք ինտրիգների դաշտում աշխատել, այդ ամենը ոչ մի լավ բանի չի բերի»:
Լրագրողները հիշեցրին, որ իր անունը կոռուպցիոն սկանդալի հետ է կապվում, նա ի պատասխան ասաց. «Մենք այսօր ամեն ինչ անում եքն ժողովրդի համար»:

Հարցին, թե հարստությունն էլ են դիզո՞ւմ ժողովրդի համար, Միհրան Պողոսյանը պաատասխանեց՝ շնորհակալություն ու արագ հեռացավ:

Ամենաընթերցվածը