Կառուցվածքային փոփոխություններ ՊԵԿ-ում. կրճատվելու է 483 հաստիք

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 21:51
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ներկայումս իրականացվելու են կառուցվածքային փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են հարկային վարչարարության կատարելագործմանը, կոմիտեի համակարգի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացմանը:

Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում: ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Վարդան Հարությունյանն ասաց, որ նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով 3 վարչություն, և դրանք ներառել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: «Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից նախատեսվում է լուծարել Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից: Միաժամանակ նախատեսվում է կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին:

Ամենաընթերցվածը