Խաղը սկսված է. Վարչապետի ծանր հիշեցումը Տարոն Մարգարյանին

    • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 19:35
Վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 18-ի կառավարության նիստում, շնորհավորելով Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերանշանակվող Տարոն Մարգարյանին, ասել է նաեւ, թե «բոլորս միասին կաշխատենք, որ Երեւանը դառնա ավելի լավը»:

Վարչապետի այդ արտահայտությունը պարունակում է նուրբ ակնարկ ու տողատակ, ուղղված Տարոն Մարգարյանին, որի գլխավորությամբ Երեւանի Ավագանու ընտրությանը ՀՀԿ-ն հավաքեց 71 տոկոս: Փաստորեն, Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ում «վարկանիշային ձեռնոց» նետեց Կարեն Կարապետյանին:

Այդ հանգամանքը անկասկած զուտ «մարզական հետաքրքրություն» չէ, որ կարող է առաջացնել ՀՀԿ-ում: Տարոն Մարգարյանն իր 71 տոկոսով ՀՀԿ ներքին դասավորություններում դուրս է գալիս այսպես ասած նոր մակարդակ, մեկ կամ մի քանի աստիճան բարձր իր զբաղեցրածից:

2018 թվականի վարչապետի եւ կառավարության հարցում առանցքային նշանակություն է ունենալու ներիշխանական բոլոր թեւերի հանրագումարը, եւ այդ իմաստով Տարոն Մարգարյանը դառնում է այդ հարցում ձայնի «իրավունք» ունեցող բեւեռներից մեկը, որի շահը եւ հետաքրքրությունները որոշման հարցում ունենալու են նշանակություն, անկախ նրանից, թե ով է լինելու որոշում կայացնողը:

Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե բոլորով աշխատելու են Երեւանը դարձնել ավելի լավը, ակնարկ է Տարոն Մարգարյանին ու նրա թիմին, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում նրա գործունեությունը լինելու է մանրադիտակի տակ, եւ որ այդ թիմը չի կարող Երեւանում արդյունավետ աշխատել առանց վարչապետի թիմի հետ գործակցության: Կարեն Կարապետյանը Տարոն Մարգարյանին փաստացի ակնարկում է ամենեւին չուրախանալ ընտրության արդյունքով, քանի որ նրա ամենածանր եւ դժվարին ընտրությունը դեռ առջեւում է:

Դա մի կողմից նախազգուշացում է Մարգարյանին, մյուս կողմից առաջարկ՝ համադրել շահերը 2018-ին ընդառաջ:

Ու՞մ նժարը կծանրացնի Մարգարյանն իր շահով՝ վարչապետի՞, թե Սերժ Սարգսյանի:

Գործնականում, Մարգարյանն առաջին անգամ է հայտնվում այդ վիճակում, թեեւ իշխող համակարգում է արդեն երկար տարիներ: Բանն այն է, որ Մարգարյանն այդ համակարգում տարբեր տեղերում հայտնվել է առավելապես տարբեր դրսեւորումներով ճակատագրի բերումով: Այժմ արդեն ամեն ոք, այդ թվում Մարգարյանն ինքն է «կերտելու» իր ճակատագիրը: Վրիպումն ընտրության հարցում նրա համար կարժենա ընդհուպ քաղաքապետի պաշտոն:

Ամենաընթերցվածը