Արմեն Աշոտյանը գոհ է ընտրություններում ՀՀԿ կուսակցության արդյունքներից

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 15:10

Նորընտիր խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը գոհ է ընտրությունների արդյունքներից և նոր խորհրդարանի կազմից:

«Ես այսօր հպարտությամբ եմ մուտք գործել Ազգային ժողով որպես ԱԺ պատգամավոր: Գաղտնիք չէ, որ միշտ սիրել եմ Ազգային ժողովը որպես քաղաքական ինստիտուտ: Ես շատ գոհ եմ, որ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ես շատ գոհ եմ ընտրություններում մեր կուսակցության արդյունքներից, շատ գոհ եմ ԱԺ ընդհանրական կազմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ քաղաքական վերընթացները դեռ առջևում են, ԱԺ դերակատարությունը երկրում վերագնահատվում է:

«Քաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով և պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին: Ինչպիսին կլինեն արտաքին և ներքին միջավայրերը, այդպիսին էլ կլինի Ազգային ժողովը: Կարևորն այն է, որ խորհրդարանը շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»,-նշեց նա:

Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրվելու խոսակցություններին՝  Արմեն Աշոտյանը պատասխանեց.

«Նմանատիպ հարցադրումները, որոնք փորձում են շահարկել իմ հնարավոր քաղաքական ամբիցիաները, արդեն  ժամկետանց են»:

Ամենաընթերցվածը