Արարատ Զուրաբյանը որոշեց, որ մանդատը վայր չի դնի

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 14:54
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մանդատը վայր չի դնում, շարունակում է աշխատել որպես պատգամավոր: «Ասում եմ ձեզ՝ ես շարունակում եմ իմ գործունեությունն այստեղ: Եթե հիմա դուք ամեն օր գաք ու էս հարցն ինձ տաք, կարող է հանկարծ ձանձրանամ ու ասել՝ մանդատը դնում եմ ու հեռանում»,- ասաց Զուրաբյանը:

Նա հիշեց, որ երբ դաշինքի մանդատների շուրջ տարբեր խոսակցություններ շրջանառվեցին, եղան մեկնաբանություններ, թե դա ինչ-որ ուժերի կողմից է ուղղորդվում: «Մեկը որոշեց, թե սա Սերժ Սարգսյանն է ուղղորդում, մյուսը որոշեց, թե հավանաբար Վաշինգտոնում է գծվել այս սցենարը: Ես ասեմ՝ ինչ տեղի ունեցավ: Կան քայլեր, որոնք ծրագրային չեն լինում, անպայման չէ, որ ամեն ինչ գծվի այս դեպքում: Եվ տվյալ պարագայում ես ասացի՝ նման մթնոլորտում ես չեմ պատկերացնում և կթողնեմ ու դուրս կգամ: Ես դրանից հետո էլ եմ դա ասել: Ճիշտն ասած, ի տարբերություն շատ շատերի, ես շատ դժվարությամբ եմ համաձայնել այս մանդատը թողնել: Հիմա էլ, այսօր, վաղը, մեկ տարի հետո, չգիտեմ ցանկացած պահի կարող է լինել իրավիճակ, որ վայր դնեմ մանդատս»,- ասաց նա:

Արարատ Զուրաբյանը նշեց, որ  որևէ պայմանավորվածություն չի ունեցել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ինչ-որ քայլ անելու կամ չանելու, ինչ-որ պայմանով մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու առումով: «Ես ունեցել եմ քաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում ընդգրկվել եմ «Ծառուկյան» դաշինքի վեցերորդ համարում: Ինքս անձամբ, ցանկանալով աջակցել դաշինքին, իմ նախաձեռնությամբ առաջարկել եմ, որ առաջադրվեմ նաև մեծամասնական ընտրակարգով: Ցավոք սրտի, այդ ժամանակահատվածում չեմ կարողացել զբաղվել քարոզչական աշխատանքով, քանի որ տարել եմ շատ լուրջ վիրահատություն»,- նշեց նա:

Ըստ Զուրաբյանի՝ երբ ընտրությունների արդյունքները տեսել է, ինքն անձամբ է հիասթափվել ու որոշել է, որ չի գնա խորհրդարան: «Ի տարբերություն շատ այլ դեպքերի, նույն Գագիկ Ծառուկյանն ինձ առաջարկել է աշխատել պառլամենտում»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը