Քաղաքական վերընթացներն առջևում են. Արմեն Աշոտյան

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 13:37
«Ազգային ժողովին այսօր տրված է պատմական շանս, ինչի մասին խոսեց նաև նախագահը` ասելով, որ առաքելությունների բաշխման տեսակետից այլևս ԱԺ-ի դերակատարությունը դժվար է գերագնահատել, հատկապես, 2018 թ. սահամանդրական բարեփոխումների շրջադարձային փուլը թևակոխելուց հետո»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ քաղաքական վերընթացներն առջևում են, ԱԺ դերակատարությունը մեր երկրում վերագնահատվում է:

Այն տեղեկություններին, թե քաղաքական հիմնական վերադասավորումները լինելու են 2018-ից, Աշոտյանը պատասխանեց. «Քաղաքական գործընթացները Հայաստանում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով և պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին: Ինչպիսին կլինի արտաքին և ներքին միջավայրը, այդպես էլ կլինի Ազգային ժողովը: Կարևորն այն է, որ խորհրդարանը շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»:

Աշոտյանը նշեց, որ գոհ է ընտրությունների արդյունքներից ու նոր խորհրդարանի կազմից. «Ես շատ գոհ եմ, որ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ես շատ գոհ եմ ընտրություններում մեր կուսակցության արդյունքներից, ես շատ գոհ եմ ԱԺ ընդհանրական կազմից»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞վ է մեր թշնամին: Ի պատասխան Արմեն Աշոտյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ «Մեր թիվ մեկ թշնամին անարդարությունն է»:

Հարցին, թե հնարավո՞ր ՀՀԿ-ն է բզբզում Ծառուկյան դաշինքը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես օգտագործեմ իմ խորհրդարանական գործընկերների բառապաշարը և խնդրեմ ձեզ՝ հարգելի լրագրողներ, մի բզբզացեք»: 

Ամենաընթերցվածը