2018-ից կերեւա. Սերժ Սարգսյանը պատգամավորներին բացատրեց, թե ինչ է նրանց սպասվում

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 12:17

«Այս օրը մեր պետականության համար կայացման կարևոր ջրբաժան է. անցում ենք կատարում պետականաշինության փնտրտուքներից կայուն զարգացման փուլ: Միջազգային փորձը լավագույնս վկայել է, որ անցումն այնպիսի խորհրդարանական կառավարման համակարգի, որի հիմքում դրված է իրավունքի գերակայության սկզբունքը, որտեղ հարաբերությունների առանցքը մարդն է ու նրա անօտարելի իրավունքները, այնտեղ հնարավոր է հասնել հանրային լայն համաձայնության ու երաշխավորե լ անշեղ զարգացում»: Այս մասին մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:  «Դա, սակայն, դեռևս հնարավորություն է, մեզանում` արդեն իսկ իրական հնարավորություն: Առաջին ու վճռորոշ քայլն արված է: Միջազգային մեր գործընկերների ակտիվ աջակցությամբ մեզ հաջողվեց իրականություն դարձնել սահմանադրական այնպիսի բարեփոխումներ, ինչն այսօր շատ երկրների ու առաջատար մասնագետների կողմից օրինակելի է համարվում: Սակայն մենք պարտավոր ենք անել նաև հաջորդ և ոչ պակաս կարևոր քայլը` կյանքի կոչել սահմանադրական նոր լուծումները` հաղթահարելով Սահմանադրության, իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի անհամապատասխանությունները: Դա այսօր դառնում է մեր երկրի իրավական անվտանգության ամենակարևոր մարտահրավերը, իսկ դրան դիմակայելը մտածողության ու գործողության նոր որակ է պահանջում: Պահանջում է պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մշակույթ: Պետաիշխանական գործառույթներով օժտված յուրաքանչյուրից պահանջում է պատմական բեռը վերցնելու և պատվով կրելու կամք ու վճռականություն: Երկրորդ` դուք եք մարմնավորելու անցումը նոր որակի պետական համակարգի: Իշխանության աղբյուրն ու տերը հանդիսացող ժողովուրդը ձեզ է օժտել միակ առաջնային մանդատով` կյանքի կոչելու մեր երկրում ժողովրդավարական զարգացման ողջ ներուժը: Դուք պատգամավորական մանդատի հետ մեկտեղ ստանձնել եք պատմական պատասխանատվություն` բռնել ժամանակի քննությունը, իրականություն դարձնել ժողովրդի վստահությունը, մեր նորագույն պատմության հիմնաքարերը դնել դարերով կանգուն մեր եկեղեցիները կառուցողներին արժանի նախանձախնդրությամբ:

Նախաձեռնելով մեր երկրում սահմանադրական ողջ համակարգի արմատական բարեփոխումները` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մենք ժողովրդից վստահության քվե ստացանք ձևավորելու պետական կառավարման այնպիսի համակարգ, որում իշխանության ճյուղերը կլինեն հստակ տարանջատված ու հավասարակշռված, մարդու համար կերաշխավորվի իրավունքով պաշտպանված ազատությունը, իշխանությունը սահմանափակված կլինի իրավունքով, լավագույն երաշխիքներ կստեղծվեն պայքարելու համար մենիշխանության, կոռուպցիայի ու բացասական այլ երևույթների դեմ: Ամբողջ խնդիրն այն է, թե ձեզ ինչպես կհաջողվի երկրի ողջ օրենսդրական համակարգը ներդաշնակել սահմանադրական նոր լուծումներին: Դուք եք պատասխանատուն երկրում սահմանադրականության նոր որակի երաշխավորման համար: Բացառիկ դերակատարություն է ձեզ վերապահված` ձևավորել կառավարման առավել արդյունավետ համակարգ, կյանքի կոչել անկախ դատական իշխանության կայացման սահմանադրական նոր հնարավորությունները, տեղական ինքնակառավարումը դարձնել մարդկանց ամենօրյա խնդիրների արդյունավետ լուծման իրական հնարավորություն և իրավունք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել ընդհուպ փոփոխություններ կատարելու երկրի Մայր օրենքում, անմիջական մասնակցություն ունենալու պետական մարմինների կազմավորման գործում, իրականացնելու լայն վերահսկողական լիազորություններ` արդյունավետ զուգակցելով թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության դերակատարությունը», ասաց նա: Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է նաև, որ մարդիկ դեռևս իրենց առօրյայում չեն զգացել սահմանադրական բարեփոխումների դրական ներազդեցությունը: Դա զարմանալի չէ, քանի որ Սահմանադրության նորմերը, համակարգային ամբողջականությամբ հանդերձ, ուժի մեջ են մտնելու միայն 2018 թվականից: Պարզ է նաև, որ սովորական մարդու, շատ-շատերի համար նոր իրավական համակարգի ընձեռած առավելությունները տեսանելի ու շոշափելի կլինեն 2018-2019 թվականներից սկսած:

«Սակայն դա միայն այն դեպքում, երբ մեզ՝ ձեզ հետ միասին, հաջողվի առաջիկայում ընդունել ու կյանքի կոչել բոլոր այն օրենքները, որոնք երաշխավորելու են Սահմանադրության իրական գործողությունը: Իսկ դրանք ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրենքներ են: Դուք պարտավոր եք ստանձնել այս ահռելի աշխատանքի պատասխանատվությունը: Համամասնական ընտրակարգի հիմնական առավելությունը նաև այն է, որ անհատական պատասխանատվությունը զուգորդվում է քաղաքական պատասխանատվության հետ: Ուստի մեր քաղաքական ուժերին նույնպես պետականաշինության լուրջ քննություն է սպասվում: Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում:  Սրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն: Ես ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք դարերի փորձություն բռնած այն ճշմարտությունը, որ իր ճակատագիրը երկրի ճակատագրից սահմանազատած անհատը թշնամու զինվորից վտանգավոր է: Մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացառում են կիսալուծումները, բացառում են ժամանակից հետ մնալը, բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը, պահանջում են անմնացորդ նվիրում ու քրտնաջան աշխատանք: Դուք ժողովրդից քվե եք ստացել առաջնորդող դերակատարություն ունենալու երկրի անվտանգ ու առաջընթաց զարգացման, փոփոխություններով ու կառուցելով ելք գտնելու արդար Հայաստանի կերտման հարցերում: Իսկ դա միայն բարի ցանկություններով չի լինում: Ինչպես որ զուգորդվում են մեր նպատակները, այնպես էլ պետք է ներդաշնակվեն մեր ամենօրյա ու անմնացորդ նվիրումով իրականացվելիք քայլերը` ի փառս մեր երկրի ու ժողովրդի: Կարծում եմ, որ հենց այս գիտակցումով պետք է մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման նստաշրջանը` ազդարարելով մեր երկրում պառլամենտարիզմի կայացման ու պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբը: Այսքանն էի այս պահին ուզում ասել ձեզ՝ փոխանցելու համար խնդիրների և պատկերացումների այն լայն ծիրը, որով անմիջականորեն զբաղվելու է փոփոխված Սահմանադրությամբ լայն լիազորություններ ստացած խորհրդարանը։ Իրականում այսօր մեր պետության և մեր երկրի ապագայի տեսանկյունից կարևոր օր է, փոփոխությունների նոր ու մեծ ալիքը խորհրդանշող օր։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեցերորդ գումարման Ազգային ժողովին»։

Ամենաընթերցվածը