Առաջիկա 5 տարիներին արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը. Սերժ Սարգսյան

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 11:27
Սերժ Սարգսյանը նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ելույթի ժամանակ խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներից:

Հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և ներկայիս տնտեսական իրավիճակը՝ պետությունը պրոակտիվ ներգրավվածություն պետք է ունենա տնտեսության մեջ: Պետությունը պետք է խրախուսի և խթանի հատկապես մրցունակ, արտահանման մեծ պոտենցիալ ունեցող և հիմնականում տեղական ռեսուրսների վրա հիմնված ոլորտները և, ինչու չէ, նաև կոնկրետ ծրագրերի զարգացումն ու իրականացումը», - ասել է նա:

Սարգսյանը նշել է. «Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու «Դուինգ բիզնեսի» վարկանիշով առաջադիմել մինչև առաջին 20-յակը և հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»։

Սարգսյանի խոսքով, հաջողության բանալին այն է, որ ստեղծենք այնպիսի պայմաններ և զարկ տանք այնպիսի ոլորտների և ծրագրերի զարգացմանը, որտեղ հիմնական մրցակիցները օտարերկրյա շուկաներում են, այսինքն՝ ստեղծված արտադրանքն ու մատուցված ծառայությունները գերազանցապես ուղղված են արտահանմանը:

«Այս առումով «Արտադրված է Հայաստանում» արտահայտությունը ոչ թե պետք է ցույց տա սոսկ, թե որտեղ է արտադրված տվյալ արտադրանքը, այլ պետք է նշանակի բարձր որակ, հուսալիություն և անվտանգության բարձր պահանջներին համապատասխանություն... Արտահանման խթանման և մրցունակության բարձրացման հետևանքով առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը, այնուհետև նույն միտումը պահպանելով՝ այն 2040 թվականին պետք է հասնի մինչև ՀՆԱ 50-55 տոկոսը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ժամանակն է որպեսզի առաջիկա տարիներին ներմուծվող ապրանքների ավելացված արժեքով հարկումը աստիճանաբար սահմանից դեպի տնտեսություն տեղափոխվի՝ առաջին հերթին շեշտը դնելով հումքի և սարքավորումների վրա: Այս քայլը էապես կխթանի տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև հնարավորություն կտա հայկական արտադրողներին դրամական միջոցներ տնտեսել և դրանք ուղղել արտադրության ընդլայնմանը և արտադրական տեխնոլոգիաների արդիականացմանը:

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ Սարգսյանն ասել է. «2016-2040 թվականների ընթացքում մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»:

Ամենաընթերցվածը