Արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի դերը կբարձրանա. Սերժ Սարգսյան

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 10:43
Վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստում Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ երկու տարի առաջ, երբ հաստատվում էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինքը հավատում էր, որ մոտ ապագայում մտնելու ենք բեկումնային ժամանակաշրջան:

«Այսօր եկել է այդ օրը, և ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր փուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման առաջին ու կարևոր քայլը կատարում: Բոլորս գիտենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք կայուն կամք ու լավատեսություն»,- ասաց նա: Ըստ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանի կարևոր դերն օրինաստեղծ գործունեությունն է: Հայաստանում ընդունված օրենքները պետք է լինեն ոչ միայն իրավական, այլ գործուն ու ընկալելի: Ըստ նրա՝ առանց նման օրենքների հնարավոր չէ իրագործել սահմանադրական փոփոխությունները:

«Թերի ու վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլ վնասաբեր է: Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»,- հավելեց նա:

Ըստ Սերժ Սարգսյանի, սակայն, խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործուենությամբ չի սահմանափակվելու: Սահմանադրական փոփոխություններով երկրում ներդրվում է խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը ենթադրում է արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի դերի բարձրացում: Կարևոր է խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությանն ուղղված սկզբունքների նեդրումը:

«Խորհրդարանի դերն ու ազդեցությունը պետք է բարձրացվի ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»,- ասաց նա: 

Ամենաընթերցվածը