ԼՂ իշխանությունը զգուշացրել է, որ Ադրբեջանի «սադրանքն անպատասխան չի մնա». Al Jazeera

  • Ներքին կյանք - 18 Մայիսի 2017, 09:29
Al Jazeera լրատվամիջոցն անդրադարձել է մայիսի 15-ին շփման գծում հայկական տեխնիկա վնասելու մասին տեղեկությանը՝ ներկայացնելով Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությունը AFP-ին և Արցախի ՊԲ հաղորդագրությունից մի հատված:

Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ում հայկական հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգ է խոցել, ինչից հետո հայկական կողմը հայտարարել է՝ պատասխան կհետևի:  

«Ադրբեջանի զինուժը Ղարաբաղի առաջնագծի Ֆիզուլի-Խոջավենդ հատվածում շարքից հանել են հայկական «Օսա» հակաօդային համակարգ՝ կանխելու ադրբեջանական ավիացիային սպառնացող վտանգը», AFP-ին տեղի ունեցածը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂ իշխանությունն ընդունել է, որ Ադրբեջանը տեխնիկա է վնասել, սակայն նշել է, որ կորուստներ չկան: Եվ զգուշացրել է, որ Ադրբեջանի «սադրանքն անպատասխան չի մնա»:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս միջադեպից առաջ՝ փետրվարին, Ղարաբաղի զինուժը մի քանի ադրբեջանցի զինծառայողների էր սպանել, սակայն չի նշել, որ Ադրբեջանի հինգ զինծառայողները սպանվել են Մարտունու և Ակնայի ուղղությամբ միջդիրքային հատվածում, երբ փորձում էին անցնել ականապատ չեզոք գոտին՝ մոտենալով հայկական դիրքերին:

Ամենաընթերցվածը