Հայտնի են հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահների անունները

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 20:22

Նոր Ազգային ժողովի վաղը կայանալիք առաջին նիստում կառավարությունը հրաժարական կտա: ՀՀԿ վարչապետի թեկնածուն դարձյալ Կարեն Կարապետյանը կլինի: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչպես նախկինում հայտարարել ենք, ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը: Հանրապետության նախագահը կուսակցության խորհրդի որոշմամբ առաջարկելու է, որ նոր կաբինետը նորից գլխավորի ու ձևավորի Կարեն Կարապետյանը», - ասաց Շարմազանովը:

ԱԺ վաղվա նիստում տեղի են ունենալու ԱԺ նախագահի և տեղակալների ընտրությունները:

Նրա խոսքով՝ ՀՀԿ խմբակցությունը վաղը փոփոխություններ կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում, ըստ որի՝ ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը պետք է սահմանվի 9:

Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն իրավունք կունենա առաջարկելու հանձնաժողովի նախագահի վեց թեկնածու: Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կլինի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանը, պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյանը: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները կմիավորվեն, նախագահ կլինի Հակոբ Հակոբյանը:

Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ ներսում գոհ են նոր նշանակումներից:

Ամենաընթերցվածը