Հրայր Թովմասյանը ԱԺ հանձնաժողովները կրճատելու մասին

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 19:27

ԱԺ նորընտիր պատգամավոր Հրայր Թովմասյանն այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ անդրադարձավ խորհրդարանական մշտական հանձնաժողովների խնդրին: Նրա խոսքով՝ ԱԺ կանոնկարգ օրենքը սահմանում է, որ առաջին նստաշրջանի ժամանակ ԱԺ որոշմամբ պետք է սահմանվեն մշտական հանձնաժողովների, նրանց անդամների թիվը, նրանց պատվիրակված ոլորտները:

Անդրադառնալով հանձնաժողովների թվի կրճատման որոշմանը՝ Թովմասյանն ասաց, որ կրճատման օգտին է խոսում երկու գործոն: Առաջինը, ԱԺ պատգամավորների թիվը կրճատվել է, երկրորդ, էականորեն փոխվել են մշտական հանձնաժողովների գործառույթները, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ռեսուրս է պետք այդ աշխատանքների կատարման համար:

"Այս երկուսը հաշվի առնելով՝ պետք է որոշել: Կա մեկ այլ խնդիր՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ մշտական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունն էականորեն անհամամասնություն է ունեցել: Մասնավորապես, երկու հանձնաժողով՝ տնտեսական և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները կրել են այս ամբողջ բեռի 50 տոկոսը, իսկ մնացած հանձնաժողովները՝ մնացած 50 տոկոսը: Այսինքն՝ սա հաշվի առնելով՝ որոշակի փոփոխություն է պետք", ասաց նա:

Ըստ Հրայր  Թովմասյանի՝ վաղը հանձնաժողովների թվի հետ կապված առաջարկություններ կլինեն, ԱԺ խմբակցություններն ամենայն հավանականությամբ կքննարկեն և որոշման նախագիծ կկազմվի:

Ամենաընթերցվածը