Գեւորգ Կոստանյանը պաշտոնի բարձրացման մասին չի մտածում

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 19:25

"Առաջին անգամ կյանքիս մեջ եկել եմ այս շենք, հիմա դուք ինձ էնքան հարցեր կտաք...",- ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասաց ԱԺ նորընտիր պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ շատ սովորական է պատկերացնում օրենսդիր գործունեությունը, դրանով զբաղվել է: 

Հարցին, թե հնարավո՞ր է իրեն նշանակեն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Կոստանյանը պատասխանեց. "Չեմ կարծում: Պառլամենտական պաշտոնները քաղաքական պաշտոններ են, այսինքն՝ անխուսափելիորեն քաղաքական գործունեություն ենթադրում է: Իսկ պատգամավորի գործունեությունը սահամանափակվում է բացառապես օրենսդիր մասնագիտական գործունեությամբ: Դա ինձ խիստ բավականացնում է":

Նա նշեց, որ գործադիր մարմնում պաշտոն ունենալու մասին արդեն երկար ժամանակ է չի մտածում, դժվար էլ մտածի: Այն տեղեկություններին, թե հնարավոր է իրեն Արդարադատության նախարար նշանակեն,  Կոստանյանը պատասխանեց. "Շատ լավ, թող քննարկվի, իմ անունը էս վերջին 10 տարին ցանկացած տեղի համար քննարկվում է, բայց ես հո ամեն ինչ չեմ մեկնաբանելու":

Ըստ նրա՝ պաշտոնի բարձրությամբ չի որոշվում գործունեության արդյունավետությունը: Ցանկացած մարդ ցանկացած պաշտոն կարող է արժեզրկել և հակառակը:

"Հետևաբար, ես պաշտոնի բարձրացման մասին իմ կենսագրության մեջ երբեք չեմ մտածել և չեմ էլ մտածի, ես գործունեության արդյունավետության գնահատման կողմնակից եմ, ոչ թե պաշտոնի բարձրության չափի", հավելեց Կոստանյանը:

Ամենաընթերցվածը