Շիրակում մարզպետի փոփոխություն է սպասվում. Armtimes.com

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 18:12
Շիրակի մարզի ՀՅԴ-ականները կրկին լարված են, գրում է Armtimes.com-ը: ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրումից հետո, դեռ  պարզ չէ, թե դաշնակցությանը ինչ պորտֆելներ են բաժին հասնելու, թեեւ նախարարականները կպահպանվեն: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզում մարզպետի փոփոխություն է սպասվում: Մարզը կշարունակի մնալ ՀՅԴ-ականների «տիրապետության» տակ, բայց տեղի կունենա մարզպետի փոփոխություն:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն Շիրակի մարզպետի պաշտոնում տեսնում է ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանին: Վերջինս ԱԺ ընտրությունների ժամանակ առաջադրված էր թիվ 11 ընտրատարածքում՝ կուսակցության ռեյտինգային ցուցակով: Մաթիլյանը ՀՅԴ-ի էլիտայի սիրելի կադրերից է, որին դաշնակցության վերնախավը ցանկանում էր տեսնել խորհրդարանում, սակայն ստացվեց այնպես, որ Շիրակը ՀՅԴ-ից ԱԺ-ում ներկայացնելու է Շիրակի նախկին մարզպետ՝ Ռոմիկ Մանուկյանը: Սա ՀՅԴ-ի էլիտայի սրտով չէ:

Սիրելի Մաթիլյանին անգործ չթողնելու համար ՀՅԴ էլիտան ֆիգուրների կտրուկ փոփոխությունների է դիմում: Հակոբ Մաթիլյանին գործուղում է Շիրակի մարզպետարան, իսկ գործող մարզպետ Հովսեփ Սիմոնյանից թեեւ նեղսրտած են, բայց, այնուամենայնիվ, նրան կնշանակեն Շիրակի ՀՅԴ կառույցի ղեկավար:

Հովսեփ Սիմոնյանին հանձնարարված է եղել ամեն ինչ անել, որպեսզի Շիրակից ԱԺ պատգամավոր ընտրվի Հակոբ Մաթիլյանը, սակայն դա Սիմոնյանին չի հաջողվել, ինչն էլ ղեկավարության դժգոհությունն է առաջացրել:

Ամենաընթերցվածը