ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 16:29
Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Ազգային ժողովում Ելք դաշինքի խմբակցության ղեկավար: Ներկայացնում ենք Փաշինյանի կենսագրությունը:

ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՓԱՇԻՆՅԱՆ

Ծնվել է 1975թ.-ի հունիսի 1-ին, Իջևանում:

1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:

Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ.-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ.-ի դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.-ը:

1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումը ի կատար չի ածվել:

2007թ.-ին եղել է «Այլընտրանք» հ/ք միավորման հիմնադիր անդամ: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում: 2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել և նույն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:

2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:

2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ:

2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կամավորական ջոկատի հրամանատար:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017թ. մայիսից՝ ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավար:

Ամենաընթերցվածը