Պաշտպանության բանակը պատժիչ գործողություն է իրականացրել. Տեսանյութ

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 15:49
Ի պատասխան Արցախի զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: Այս մասին նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

Կից հրապարակված տեսագրության մեջ նշվում է, որ հայկական ուժերը թիրախավորել են հակառակորդի զինուժի ՌԷՊ կայան, ինչպես նաև ՕՍԱ ՀՕՊ կայանի հրթիռների տեղափոխման-լիցքավորման մեքենա:

Ադրբեջանական զինուժի դեմ հայկական ուժերի կողմից մարտական ԱԹՍ-ների կիրառման մասին ադրբեջանական կողմի հայտարարությանն անդրադառնալով՝ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց, որ հայկական կողմից եղել են պատասխան գործողություններ։

Հասրաթյանը չմանրամասնեց, թե ինչ զինատեսակներ են կիրառվել հայկական կողմի պատասխան գործողությունների ընթացքում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ հայկական կողմը մշտապես աշխատանք է տանում տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի մշակման ուղղությամբ:

Մշակվող անօդաչու թռչող սարքերի տեսակների վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ հայկական կողմն աշխատում է և՛ մարտական, և՛ ոչ մարտական ԱԹՍ-ների, ինչպես նաև «ցանկացած այլ պաշտպանական միջոցների» մշակման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ կայքը հայտնել է, թե գիշերվա մարտերի ընթացքում հայկական ուժերը կիրառել են «մարտական» ԱԹՍ-ներ։