55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է. փոխնախարար

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 12:40
Ամերիկյան ներդրող ընկերությունների այցը Հայաստան խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարության բարեփոխումներն ու ներդրումային ծրագրերն այնպիսի արձագանք են ստացել, որ գործարարները գալիս են Հայաստան, փորձում ավելի մոտիկից ծանոթանալ իրավիճակին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվող վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովին մասնակցում է 7 ամերիկյան ներդրումային ընկերություն:

Ըստ փոխնախարարի՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում կառավարությունը հստակ ծրագրեր ունի ներկայացնելու ամերիկյան ներդրողներին: «Ներկա պահին 55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է, դեռ նախաորակավորման փուլում է: Արդեն կարող եմ ասել, որ մասնակցության փաթեթները գնել են, բավական ակտիվ մրցույթ ենք ունենալու, մեծ քանակությամբ մասնակից ենք ունենալու աշխարհի տարբեր ծայրերից՝ ներառյալ ԱՄՆ-ից»,- ասաց Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս կայանի կառուցման համար Հայաստանի կառավարությունն ակնկալում է մոտ 50 մլն դոլարի ներդրում: Ապրիլի 22-ին մրցույթը հայտարարվել է, վեց շաբաթ ժամանակ է տրված, որպեսզի ընկերություններն իրենց մասնակցության հայտերը ներկայացնեն: Ըստ Հայկ Հարությունյանի՝ հայկական կողմը շուրջ 10 ընկերության մասնակցություն է անկնկալում այս մրցույթին: Մեկ չափանիշ է գործելու մրցույթում՝ առաջարկվող ամենամատչելի սակագին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսը, նրա խոսքով, անսահմանափակ է: Միայն 6000 մեգավատտ արևային տնտեսապես շահավետ ռեսուրս ունենք: Այլ հարց է, թե երբ և ինչ գնով դրանք պետք է կառուցվեն: «Դա կախված կլինի մեր ընդհանուր սակագնային քաղաքականությունից և այն գնից, որը մենք կստանանք այս մրցույթից: Այս մրցույթը շատ մեծ դեր ունի՝ հասկանալու, թե արևային էներգետիկան ինչ մասնաբաժին կունենան մեր էներգետիկ բալանսում»,- նշեց փոխնախարարը:

Նա հավալեց, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային դաշտը բոլոր ներդրողների համար բավական գրավիչ է, քանի որ կա կանխատեսելի կարգավորման դաշտ, ֆինանսապես կայուն էներգետիկ համակարգ, հստակ հռչակված ներդրումային ծրագրեր և շուկայի համար օրենքով նախատեսված երաշխիքներ: Նրա խոսքով՝ դրան զուգահեռ, օրենադրությունը պաշտպանում է դաշտի ներդրումները, կարելի է ասել՝ իդեալական պայմաններ են ստեղծված:

Ամենաընթերցվածը