Ամերիկյան ընկերությունը պատրաստ է գործունեություն ծավալել Հայաստանի էներգետիկ ոլորտում

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 11:15
«ՄաքԼին Փաուեր Ինթերնեյշնլ» ընկերությունը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներով հետաքրքրված ամերիկյան ընկերություններից է, որն այսօր մասնակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած համաժողովին: Ընկերության տնօրեն Մարգարետ Մակլինը լրագրողների հետ ճեպարզույցում մանրամասնեց, թե ինչով է Հայաստանը հետաքրքրել իրենց:

«Հայաստանում մենք ներուժ ենք տեսնում էներգետիկ ոլորտում: Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ, այդ առումով զարգացման մեծ հեռանկարներ կան», ասաց նա:

Մարգարետ Մակլինի խոսքով՝ իրենց ընկերությունը մասնագիտանում է էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման սարքավորումների արտադրությունների ոլորտում, իրենք օգնում են հոսանքն արտադրման վայրից փոխանցել մինչև վերջնական սպառողին: Ընկերությունը մոտ 20 հազար անուն արտադրանք ունի:

«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ մեխանիզմներ, զարգացման ինչ տարբերակ է ընտրում հայաստանյան շուկան և ինչպես են մտադիր այս ոլորտում իրենց աշխատանքները կազմակերպել: Մենք նախ և առաջ կուսումնասիրենք արդյունաբերական ճյուղը և գյուղական հոսանքամատակարարման ոլորտները», հավելեց նա:

Նա նշեց, որ հնարավորության դեպքում իրենք կմասնակցեն նաև Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից հայտարարվելիք մրցույթներին: «Եթե համաշխարհային  բանկի կողմից իրականացվող ծրագրերով մրցույթ հայտարարվի էլեկտրաէներգիայի փոխանցման, բաշխիչ համակարգերի սարքավարումների համար, բնականաբար մենք կմասնակցենք, մեր հայտով կներկայանանք: Շատ ուրախալի է լսել, որ Հայաստանում էներգետիկ ոլորտում իր գործունեությունը նաև իրականացնում է Համաշխարհային բանկը», ասաց նա:

Ամենաընթերցվածը