Որոտանի կասկադը լիովին կնորացվի. Փոխնախարար

  • Ներքին կյանք - 17 Մայիսի 2017, 10:58
Ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը ձեռք է բերել Որոտանի կասկադը, ներդրումային ծրագրի համաձայն՝ առաջիկայում կսկսի մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների իրականացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Ներդրումները հիմնականում ուղղված են լինելու ամբողջ հիդրոտեխնիկական սարքավորումների փոխարինմանը, ոչ թե վերանորոգմանը, այլ ամբողջովին փոխարինմանը: Այնտեղ սարքավորումներ ունենք, որոնք 30 տարուց ավելի աշխատում են, և ժամանակն է փոխարինել դրանք»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրն իրականացնելուց հետո կունենանք գրեթե ամբողջովին նոր Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ:

Ինչ վերաբերում է ներդրումների ժամկետներին, Հայկ Հարությունյանն ասաց, որ մրցույթն արդեն վերջնական փուլում է, ամփոփում են ֆինանսական փուլը: Այս տարի արդեն պետք է սկսեն աշխատանքները, առավելագույնը դա երկու-երեք տարվա ներդրումային ծրագիր է:

Հարցին՝ Կոնտուր Գլոբալ ընկերությունը գո՞հ է իրականացրած գործարքից և պատրաստվում է լայնածավալ ներդրումնե՞ր անել, փոխնախարարը պատասխանեց. «Մենք բողոքներ չենք ստացել, որ իրենք դժգոհ են, և այն փաստը, որ այսօրվա միջոցառումը իրենք են հովանավորում, միշտ ակտիվ են մեր բոլոր միջոցառումների ժամանակ, ընդհանրապես ակտիվ են մեր էներգետիկ համակարգում, փաստում է, որ իրենք գոհ են»:

Հարցին՝ ընկերությունն ուզում ամերիկյան այլ ներդրողնե՞ր էլ բերել Հայաստան, Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ միայն նոր ներդրողներ բերել, այլ իրենք ուզում են այլ ոլորտներում էլ ներդրումներ կատարել, ներկա պահին քննարկում են նույն հողմային արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հարցը: Դա է հաջողության գրավականը, մեծ ծրագրով մտել են, հիմա ուզում են շարունակել»:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության նախաձեռնությամբ այսօր Երևանում ընթանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով: Դրան մասնակցում են ամերիկյան ներդրող 7 խոշոր ընկերություններ:

Ամենաընթերցվածը