Առաջին «սյուրպրիզը»

  • Ներքին կյանք - 16 Մայիսի 2017, 11:58
Primecrime-ը տեղեկացրել է, որ Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կառլովի Վարիում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն):

Թաթուլյանը ձերբակալվել է «օրենքով գողերի» թագադրման ժամանակ: Միջոցառումը ֆինանսավորել է Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով, գրում է Primecrime-ը:

Ռոբսոնը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, համարվում է Դեդ Հասանի «հետնորդը» եւ Ռուսաստանի սեւծովյան տարածաշրջանի «նայողը»: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նա Հայաստանի պատվավոր հյուպատոսն էր այս տարածաշրջանում եւ շրջում էր հայկական դիվանագիտական համարանիշերով մեքենայով:

Նրա մասին ռուսական ԶԼՄ-ներում խոսվում է նաեւ, որ Ռուսաստանի հարավում նա վերահսկում է ողջ բիզնեսն ու իրավապահ համակարգը, եւ նրան ձեռք չեն տալիս միայն կովկասյան եւ մասնավորապես չեչենական խմբավորումներին «զսպելու» համար:

Ռուբեն Թաթուլյանը մեկն է այն ռուսահայ 30 գործարարներից, ովքեր ստորագրել են վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու եւ ներդրումներ անելու հայտարարության տակ: Նա ներդրողների փակ ակումբի անդամ է, որը գրանցվել է Հայաստանի Կենտրոնական բանկում:

Ներկայացնելով ռուսահայ գործարարներին, Կարեն Կարապետյանը ակումբի ստեղծման միջոցառման ժամանակ հայտարարել էր. «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու:

«Բացի այդ, անդամներից յուրաքանչյուրն ունի մեծ շրջապատ, և այս ակումբը դառնալու է կամուրջ իրենց շրջապատի, իրենց հետ կապիտալով, գործով կապված մարդկանց ու մեր երկրի միջև: Այս ակումբի մուտքը Հայաստան նաև նպաստելու է ֆինանսական, կապիտալի շուկայում առկա բացերի լուծմանն ու զարգացմանը: Ակումբի անդամները նաև իրենց բարոյական կերպարով, պահելաձևով, նոր մշակույթ են մտցնելու բիզնես էլիտայի մեջ, ինչը չափազանց կարևոր է»:

Իսկ պաշտոնապես Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սամվել Կարապետյանն այդ նույն միջոցառմանը հայտարարել էր, թե Կարեն Կարապետյանը դեռ շատ սյուրպրիզներ ունի անելու:

Հետաքրքիր է, էլ ինչ «սյուրպրիզներ» են սպասվում, եւ ի՞նչ բիզնես կայսրությունների տեր են ցուցակի մյուս անդամները: Եվ արդյոք այդ «փակ կլուբն» էլ Հայաստանը «նայելու» համար չի ստեղծվել, Ռուսաստանի իշխանության կողմից:

Ամենաընթերցվածը