Շաքիի ջրվեժը հստակ գրաֆիկով պատրաստ կլինի դիմավորելու զբոսաշրջիկներին

  • Ներքին կյանք - 10 Մայիսի 2017, 17:37
Հաստատվել է Շաքիի ջրվեժի ջրօգտագործման գրաֆիկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման լավ լուրով սկսեց լրագրողների հետ հանդիպումը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

«Փոխվել է Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը և ջրվեժ այցելելու հստակեցվել է օրակարգը` մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 11:00-15:00-ն,  հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ 11:00-17:00-ն։ Սա այն գրաֆիկն է, որի դեպքում շահագործողը պարտավոր է պահպանել շրջակա բնությունը»,- նշեց Մինասյանը։

Նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստացել, որոնց հեղինակները պնդել են, թե հաճախ այցելելով Շաքիի ջրվեժ, այնտեղ ականատես են լինում նրա ոչ լիարժեք տեսքին։ Գերատեսչությունը, կարևորելով բնության պահպանության առաջնահերթությունները, ինչպես նաև էկոտուրիզմի խթանումը, բանակցություններ և քննարկումներ է կազմակերպել և կարողացել հանգել խնդրի կարգավորմանը։

Նախարարը նաև տեղեկացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրով ջրվեժի արգելոցապարկային համալիրում նախարարության ձեռնարկած ծառատնկման և մաքրման աշխատանքների մասին:

Ամենաընթերցվածը