Հայաստանի տնտեսությունը 2016թ. ՀՀ տնտեսական սպասելիքներ 2017թ. ընթացքում

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 15:49
Տնտեսական միջին աճն աշխարհում՝%-ով

·        2015`3.2

·        2016`3.1

·        2017`3.4

Բայց կարևոր գործընկեր երկրների դեպքում` ՌԴ 2015 - ( - 3.7 )

·        2016` (-0.41)

·        2017` (+1.1 )

2017թ. ընթացքում Եվրոզոնայում կլինի ընդհանուր տնտեսական տեմպերի նվազում, և տնտեսական աճը, եթե 2015թ.  4% էր, 2016թ.՝ 1.7%, ապա 2017թ. սպասվում է 1.5%:

Չնայած այն բանին, որ պղնձի գինը միջազգային շուկայում կաճի, այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ-ից մետաղների արտահանման շուկայի կառուցվածքը և ընդհանուր գնողունակության  նվազումը ԵՄ երկրներում՝ ՀՀ-ի արտահանման ծավալները դեպի ԵՄ երկրներ կարող են նվազել: Մյուս կողմից՝ արտահանվող մետաղների մի մասը դեպի ԱՄՆ և Կանադա ԱՄՆ տնտեսական աճի շնորհիվ (2017թ. 2.2% սպասվելիք) կարող է դրական հավասարակշռություն ստեղծել ԵՄ արտահանման նվազման նկատմամբ:

Մխիթարական է, որ գլոբալ զարգացման տեսանկյունից դիտարկելիս, եթե գումարենք տնտեսական ցուցանիշները ՀՀ-ը հիմնական շուկաների տեսանկյունից (ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, զարգացող շուկաներ, ԵՄ, ներառյալ ՀՀ) և միջինացնենք տնտեսական աճը, ապա 2015 – 1.58%, 2016 – 1.69%, 2017 – 3.1% է սպասվում: Ստացվում է, որ 2017թ. ցուցանիշը 2 անգամ կգերազանցի 2015թ. նկատմամբ:

Մյուս կողմից՝ տրանսֆերտների ծավալն էականորեն նորից կաճի 2017թ. ընթացքում թե՛ ՌԴ-ից և թե՛ ԱՄՆ-ից: Սակայն դա կլինի գերազանցապես ռուբլի, դոլարի քանակը քիչ կավելանա: Հետևաբար ռուբլու քանակը ՀՀ-ում կավելանա, որը կհարկադրի առևտրի լրացուցիչ զարգացում ՌԴ-ի հետ: Ներմուծման մեջ ՌԴ-ը կգերակշռի, իսկ արտահանման ծավալները կավելանան լրացուցիչ մոտ 10%-ի չափով:

ՀՀ-ում աղքատության ցուցանիշը մնում է բարձր: Հետևաբար գալիք ԱԺ ընտրություններում նախ կուսակցությունների ծրագրերի նպատակը, ապա կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի այն արագ նվազեցնելը:

Ներկայումս աղքատությունը ՀՀ-ում 29.8% է, Վրաստանում՝ 2 անգամ պակաս, Ադրբեջանում՝ 6 անգամ պակաս ՀՀ-ից, իսկ Ղազախստանում՝ 4.5 անգամ: Քանի այդ ցուցանիշը բարձր է ՀՀ-ում, միգրացիան կշարունակվի: Որպեսզի աղքատությունը ՀՀ-ում գոնե 2 անգամ նվազի, անհրաժեշտ է առնվազն մի քանի հնարավորությունների կիրառություն.

1.      100 հազար նոր աշխատատեղերի ստեղծում կամ

2.      Աղքատ ընտանիքներ պետք է մտնի 350-400 մլն դոլար լրացուցիչ գումար 2017թ. ընթացքում: Դրանք այլընտրանքային կդառնան, եթե տրանսֆերտների ծավալն աճի մոտ 40 %-ով, որից ՌԴ-ի մասը կարող է կազմել մինչև 80%-ը:

3.      Խթանել ինքնազբաղվածների թիվը և ընտանեկան բիզնեսը: Եղած գնողունակության պայմաններում զբոսաշրջիկների թվաքանակի ավելացում առնվազն 300 հազարով, որպեսզի խթանվի ինքնազբաղվածությունը և ընտանեկան բիզնեսը, կամ էլ  բնակչության գնողունակության աճ կատարվի շուրջ 10%-ով:

 

Մենք գործ ունենք լուրջ թվերի հետ: Եղած տարբերակներում ամենահեշտը տրանսֆերտների տարբերակն է՝ կախված ՌԴ-ի վիճակից: Սակայն պետք է խթանել մյուս բաղադրիչները՝ ապագայում կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ ստեղծելու համար:

Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է մնում երիտասարդության շրջանում, այդ պատճառով շատ երիտասարդներ նշում են (մոտ 44.5%-ը), որ իրենց ընտանիքի գումարը բավականացնում է միայն սնունդ ու հագուստ գնելու, բայց բավարար չէ ավելի մեծ գնումներ կատարելու համար (օրինակ՝ հեռուստացույց, սառնարան, կենցաղային իրեր և այլն): 5.8%-ը նշում է, որ գումարը բավականացնում է միայն սնունդ գնելու համար:

Այսպիսով, երիտասարդների շուրջ 53%-ն էականորեն ապահովված չէ անհրաժեշտ գնումներ կատարելու և ապրելու տեսանկյունից:

·        Իր մասնագիտությամբ չի աշխատում երիտասարդների շուրջ 42%-ը:

·        Կարելի է ասել, որ «այո կամ ոչ» իր մասնագիտությամբ աշխատում է 13.5 %-ը:

·        35.4% -ն աշխատում է իր մասնագիտությամբ:

Այս խնդիրների հետ մեկտեղ երիտասարդներն առանձնապես լավատես չեն տնտեսական վիճակի մասին գալիք ժամանակաշրջանում և տվել են հետևյալ պատասխաններն այն հարցին, թե ինչպես կփոխվի ՀՀ բնակչության վիճակն առաջիկա 10 տարիներին:

·        Անբարենպաստ՝ 25.3%,

·        Չի փոխվի՝ 30.8%,

·        Որոշակիորեն կբարելավվի՝ 36.6%,

·        Զգալիորեն կբարելավվի՝ 7.3%:

Բացի դրանից, հարկ է նշել, որ երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելու համար կարևոր գործիք է նվազագույն աշխատավարձը:

Ներկայումս նվազագույն աշխատավարձի պարագայում տնտեսական էլեմենտները, օրինակ՝ աշխատուժի արտադրողականություն, հմտություններ, աշխատաշուկայի իրավիճակ, հաշվի չեն առնվում: Գերակշռում է միայն սոցիալական էլեմենտը, այն է՝ նվազագույն զամբյուղին մոտեցնելը և դրանով աղքատության կրճատումը:

Նվազագույն աշխատավարձը դիվերսիֆիկացված չէ ըստ աշխատողների փորձառության կամ հմտությունների:

Զբաղվածության քաղաքականության վրա սոցիալական և տնտեսական գործոնների ազդեցությունը կարևոր է հաշվարկման մեխանիզմը ճիշտ ընտրելու համար, պահանջարկի իմաստով՝ մարդկային ռեսուրսների նկատմամբ, աշխատատեղերի ստեղծման, գործազրկության հանդեպ պաշտպանվածության, զբաղվածության խթանման, կեցության ծառայությունների, տարածաշրջանային ու օտարերկրյա զբաղվածության տեսանկյուններից:

ՀՀ Կառավարությունը ներկայումս փորձում է զարգացնել տուրիզմը, խթանել տեղական արտադրությունները և ինքնազբաղվածությունը: Ներմուծվող որոշ ապրանքախմբերի տեղականով փոխարինումը պահանջում է ռազմավարական մոտեցում: Մյուս կողմից՝ համատեղ հավաքման արտադրությունների խթանումը ՀՀ-ում էականորեն կարող է բարձրացնել ձեռնարկատիրական մշակույթը և բարելավել աշխատուժի որակը, խթանել կրթություն-աշխատաշուկա կապը, որոնք կարևոր են ձեռնարկությունների կայուն զարգացման համար:

2017թ. ընտրական ծրագրերում պետք է գերակա դառնան այս խնդիրների լուծումը և օրենսդրական դաշտի բարելավումը, որպեսզի խթանվեն տեղական բիզնեսները և ստեղծվեն նոր աշխատատեղեր:

Այդ առումով ՀՀ-ի պարագայում ավելի զգայուն խնդիր է երիտասարդության զբաղվածությունը: Աշխատաշուկայի բազմակողմանի վերլուծությունը երիտասարդության զբաղվածության տեսանկյունից խիստ անհրաժեշտ է ճիշտ և հիմնավորված քաղաքականություն մշակելու համար, օրինակ` ինչպիսի տվյալներ են անհրաժեշտ, ինչպես դրանք պետք է վերլուծվեն նաև ՀՀ տնտեսության 11 գերակա ոլորտի տեսանկյունից: Այս առումով ազգային վիճակագրության հավաստի տվյալների առկայությունը պետք է լինի երաշխավորված:

Վերջին հաշվով կառավարություններն ընդհանրապես ոչ թե միայն հետաքրքրված են խնդիրներով, այլ նաև ջանում են գտնել սոցիալապես, տնտեսապես, քաղաքականապես ընդունելի առաջարկներ, որոնք հարմար են որոշումների կայացման համար:

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) բազմակողմանի հետազոտությունները և այլ զեկույցները վկայում են, որ տնտեսությունը որոշիչ է ՀՀ կայունության և ծաղկման, ինչպես նաև մարդկանց բարեկեցության համար: Չկա լավ տնտեսություն առանց լավ բիզնեսի, և չկա լավ բիզնես առանց բարենպաստ բիզնես միջավայրի, որը պետք է հնարավոր դարձնի բիզնեսի աճը և բարգավաճումը՝ նոր արժեքներ ստեղծելու և ավելի շատ մարդկանց աշխատանքում ընդգրկելու համար:

ՀՀ-ում բիզնես միջավայրն առնչվում է մի շարք խոչընդոտների հետ, որոնք, ըստ ՀԳՀՄ նշված հետազոտությունների, ամփոփված են 7 հիմնական բնագավառում.

·        Լավ կառավարում և կոռուպցիա

·        Կրթություն, ուսուցանում և ցկյանս ուսումնառություն

·        Նպաստավոր իրավական և կանոնակարգող միջավայր

·        Ֆինանսական ծառայությունների մատչելիություն

·        Արդար մրցակցություն

·        Առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում

·        Ենթակառուցվածք (էներգետիկ ոլորտի վրա կենտրոնացմամբ):

Հարկային ծառայությունները պետք է արդիականացվեն կադրերով և առավել լավ կազմակերպվեն, որպեսզի ՀՀ-ը շարժեն առաջ՝ դեպի ավելի ընկերական ձեռնարկատիրական միջավայր և վարչարարություն:

Նույն կերպ 7.5%-ով անկում են ունեցել Բելառուսի բնակչության եկամուտները: Մարդիկ ծախսում են տնտեսած միջոցները, որոնք արդեն ռիսկային են աղքատության տեսանկյունից: ՀՀ-ում դեռևս բարձր մակարդակ ունի ստվերային տնտեսությունը, հետևաբար ստվերի դեմ պայքարը պետք է կազմակերպել զգուշորեն: Բիզնեսի մի մասը գոյատևում է ստվերային տնտեսության շնորհիվ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուղեկցել տնտեսական զարգացման համար անհրաժեշտ գործարար միջավայրի բարելավման միջոցով: Հակառակ դեպքում ստվերային տնտեսության կրճատումը կառաջացնի էական անոմալիաներ և սոցիալական լրացուցիչ լարվածություն:

Ներկայումս սոցիալական վատ վիճակի և առկա խնդիրների վեկտորը հակառակ է ուղղված տնտեսության զարգացմանը: Որոշակի հավասարակշռված վիճակ է ձևավորվել ստվերային տնտեսության ու սոցիալական խնդիրների միջև, և այդ վիճակից դուրսբերումը պետք է կատարվի խելամիտ քայլերով: Այն կուսակցությունները, որոնք ունեն կոռումպացված անդամներ կամ ցածր ինտելեկտ ունեցող պատգամավորության թեկնածուներ, չեն ցանկանա հաղթահարել կոռուպցիան և բարելավել գործարար միջավայրը: Ստվերի առկայությունը կպահպանվի, և թույլ տնտեսության ու վատ սոցիալական վիճակի միջև հավասարակշռությունը կշարունակվի:

ԵԱՏՄ-ի վերաբերյալ: Երկու տարվա ընթացքում մինչև ԵԱՏՄ-ին միանալը ՀՀ-ին դեռևս չհաջողվեց փոխել առևտրային հավասարակշռությունն անդամ երկրների հետ (2013թ. ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերներն էին ԵՄ երկրները միասին վերցրած և 2-րդ տեղում ՌԴ-ը ՀՀ-ի հետ արտաքին առևտրի ծավալով՝ մոտ 24%: Իսկ Բելառուսը գտնվում էր ՀՀ արտաքին առևտրի երկրների շարքում՝ 18-րդ տեղում՝ կազմելով արտաքին առևտրի 0.9%-ը, Ղազախստանը՝ 26-րդ տեղում՝ 0.02%-ով), որից հետո, սակայն, էական տարբերություններ չառաջացան:

Պատճառներից մեկը հետևյալն է. ԵԱՏՄ ոչ անդամ երկրներից ներմուծման սակագների դրույքաչափերի աճի հետևանքով տեղական արտադրությունները խթանելու հնարավորությունները ՀՀ-ի կողմից չօգտագործվեցին: Մյուս կողմից՝ ՀՀ-ն նույն կերպ կարող էր ԵԱՏՄ երկրների համար դառնալ 3-րդ երկրից ներմուծումը փոխարինող երկիր:

Այսպիսով, 2017թ. ՀՀ-ն պետք է այդ բացը լրացնելու էական քայլեր կատարի: Այդ առումով անհրաժեշտ է գնահատել առկա կարողությունները և ապագա հնարավորություններն ու դրանց բավարարելու կարողությունների ստեղծումը: Ինստիտուցիոնալ առումով մենք դա դեռ չենք կատարում, և դեռևս նման հաշվարկներ չկան, ուստի նկատելիորեն չեն շեշտադրվում խնդիրները, թե որ ոլորտում որքան զարգացում է անհրաժեշտ, իսկ բանակցություններ կամ ներքին պայմանավորվածություններ դեռևս լիարժեք տեղի չեն ունենում փոխադարձ ձեռնտու առևտուր զարգացնելու համար:

ԵԱՏՄ անդամների միջև այս մոդելը կարելի է կիրառել հատկապես կոնյակի դեպքում (ՌԴ ընդհանուր ներմուծման ծավալը կազմում է մոտ 400 մլն դոլար, ՀՀ-ն բավարարում էր  32%-ը ՝ մոտ 160 մլն դոլարի, ներկայումս ավելի քիչ,  Ֆրանսիան 52%-ը՝ ավելի թանկ գներով): ՀՀ-ը հնարավորություն ունի էժան սանդղակում մրցակցելու վրացական, մոլդովական կոնյակի հետ մոտ 25 մլն դոլար ծավալի շրջանակում: Իսկ գինու դեպքում ՌԴ ներմուծման շուկան մոտ 1.1 մլրդ դոլար է, որից Իտալիան բավարարում է 29%-ը, Ֆրանսիան՝ 21%, Վրաստանը՝ մոտ 16%-ը, իսկ ՀՀ-ն ընդամենը 0.4%-ը: Ղազախստանի դեպքում շուկան մոտ 55 մլն դոլար է, որից Վրաստանը տալիս է 31%-ը, իսկ ՀՀ-ն՝ 0.02%-ը:

Սարքերը և ճարտարագիտական արտադրանքներն ունեն մեծ հեռանկար (մասեր, ժամացույցի կորպուսներ, օպտիկական գերճշգրիտ սարքեր, օպտիկական մասեր և այլն) ՀՀ-ի համար:

Մյուս արտահանման խումբը ներառում է մանածագործություն, ձկան արտադրանք, բանջարեղեն, ոսկերչական ապրանքներ և քարից, գիպսից, ապակուց ապրանքներ: Սրանք միասին կազմում են ՀՀ արտահանման 10%-ը:

Այնուհետև արտահանման որոշ պոտենցիալ ունի հայկական պանիրը (ընկերությունները համախմբված չեն), սակայն  պանրի որակի լավացման և քանակի ավելացման կարիք կա: Բացի այդ դրանք պետք է սերտիֆիկացվեն սննդի անվտանգության միջազգային պահանջների՝ HACCP կամ ISO 22000 ստանդարտների համաձայն:

Ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու էական պոտենցիալ կա, օրինակ նախնական հաշվարկներով՝

Թռչնի միս

40-45 մլն դոլար

Սպիրտային խմիչքներ, լիկյորներ

35 մլն դոլար

Ծխախոտ

43 մլն դոլար

Դեղորայք                      

80-85մլն դոլար

Կահույք և դրա մասեր

20 մլն դոլար

Ընդամենը մոտ

220 մլն դոլար

 

Կարելի է 100 մլն դոլարն առնվազն տեղականով փոխարինել հատկապես թռչնի մսի, ծխախոտի, կահույքի և սպիրտային խմիչքների մասով՝ առաջին փուլում, երկրորդ փուլում՝ նաև դեղորայքի որոշ տեսակներ՝ շուրջ 10 մլն դոլարի չափով: Այսպիսով, երկու փուլով 3 տարվա ընթացքում 220 մլն դոլար ներմուծումից արդեն առնվազն 110 մլն դոլար (մոտ 50%) կարելի է արտադրել ՀՀ-ում: Զբոսաշրջության ծառայության շուկան ՀՀ-ում  մոտ 1 մլրդ դոլար է. ավելի քան 1.2 մլն մարդ ժամանել է: Մեծ ներուժ ունենք ՌԴ-ից դեպի ՀՀ զբոսաշրջությունը խթանելու առումով:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն (ՏՀՏ) ոլորտը մոտ 200 մլն դոլար արտահանման ծավալ ունի, որից մոտ 80%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Հյուսիսային Ամերիկային, իսկ 10%-ը՝ Եվրոպային, միայն մոտ 8%-ը՝ ՌԴ-ին, սակայն ԵԱՏՄ-ում ՀՀ-ի համար առկա է ուժեղ մրցակցություն ղազախական, ռուսական, վրացական խմբերի կողմից: Այս ոլորտը կարող է զարգանալ հենց ներսում հայկական ընկերությունների շնորհիվ. այն է՝  տնտեսական զարգացմանը զուգահեռ խթանել հայկական ընկերությունների արդիականացումն էլեկտրոնային հաշվետվությունների և էլեկտրոնային առևտրի զարգացման միջոցով, բացի այդ լավացնելով PR մարկետինգային գործընթացները ՏՏ գործիքներով: Մյուս շուկաների հնարավորությունները գտնվում են հետևյալում՝

·        Արտահանման նոր տարածքներ,

·        ԵԱՏՄ երկրներ, Իրանի հետ առևտրի խթանում, մուսուլմանական երկրներ,

·        ՀՀ-ը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչպես նաև խելամիտ/սմարթ տարածք:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարող է հանդես գալ որպես ընդդիմախոս ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացման համար՝ իր տեխնիկական բնույթի խորհուրդներով, փակ տեղեկությունների տրամադրման շնորհիվ և իր պոլիգոններում ուսումնական պարապմունքների շրջանակում փորձարկելով ստեղծված, նախագծված և արտադրական նմուշները:

Մասնավոր ընկերությունները զուրկ են հաճախ փորձարկման այդ հնարավորություններից: Դա հայկական ընկերություններին ՏՏ, հեռահաղորդակցման, ճարտարագիտության, օպտիկայի և սարքաշինության ու էլեկտրոնիկայի ոլորտներից իրենց նախագծային, կոնստրուկտորական և փորձնական քանակների արտադրության գործընթացներն էականորեն բարելավելու հնարավորություններ կտա. կրճատել նախագիծ-փորձնական նմուշ-վերջնական արտադրանք շղթայում ծախսվող ժամանակը, ինչպես նաև բարձրացնել այլ երկրների հետ պատվերների կատարման հավանականությունը, մեծացնել արտահանման ծավալները՝ բավարարելով սպառողների պահանջները:

Այսպիսով, ամփոփելով կարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսական զարգացման իրական մոդելն առաջիկա տարիների համար պետք է գլխավորապես ուղղված լինի այնպիսի ծրագրերի իրականացմանը և ռազմավարական կարևոր ոլորտների զարգացմանը, որոնք ներկայումս հնարավորինս կարճ ժամանակահատվածում արդեն սկսված կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսության կրճատման գործընթացներին զուգահեռ խիստ նկատելի ցուցանիշներով կնվազեցնեն աղքատության և գործազրկության մակարդակը ՀՀ-ում: Այդ նպատակով անհրաժեշտ է էականորեն վերանայել ՀՀ կառավարության կողմից նախկինում հաստատված ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը մինչև 2025թ. համար՝ ներառելով առավել գործնական հաշվարկների վրա հիմնված զարգացման ուղղություններ:

Անհրաժեշտ է հատկապես ուշադրություն դարձնել ներքին փոքր շուկայով պայմանավորված խնդիրներին, այն է` բնակչության փոքր թվաքանակը և մեր պետության աշխարհագրական դիրքը: Հետևաբար ներքին շուկայի սահմանափակության հարցը կարիք ունի լուրջ կարգավորման, որի լուծումներից ավելի արդյունավետ կարող են լինել երկուսը`

1. Իրական զբոսաշրջության զարգացում և զբոսաշրջային հնարավորինս մեծաքանակ խմբերի ընդունում, որոնց թվաքանակի և գնողունակության շնորհիվ զգալիորեն կաճեն ներքին շրջանառվող ֆինանսները, կմեծանան տարբեր ապրանքներով և ծառայություններով պայմանավորված վաճառքները:

2. Խթանել արտահանումը, որի արդյունքում ներքին շուկային կգումարվեն արտաքին ընդարձակ շուկաները, և գումարային առումով վաճառքի ծավալները կտրուկ կաճեն: Հետևաբար պետք է նվազեցնել արտահանումը սահմանափակող գործոնների ազդեցությունը: Այդպիսի գործոններից են, օրինակ, արտահանման փոքր ծավալները, տրանսպորտային խրթինությունները և որոշ մաքսային կետերում բացթողնման հնարավորությունները: Դեռևս քիչ են առևտրային լոգիստիկա կազմակերպող մասնագիտացված կառույցները:

Տեղական արտադրությունները ներքին, և առավելապես արտաքին շուկայում օժտված չեն անհրաժեշտ մրցունակությամբ: Գործարարների մտածելակերպում հաճախ գերիշխող են կարճաժամկետ ծրագրերը և առևտրականի հոգեբանությունը՝ պայմանավորված գործարար միջավայրում առկա անհավասար մրցակցությամբ, կոռուպցիայով և բարձր ստվերայնությամբ: Երկարաժամկետ հատվածում գոյատևելու վտանգի հոգեբանության մշտական առկայության պատճառով նրանք հեռահար և արտահանման զարգացման ռազմավարական ծրագրեր չեն մշակում և հազվադեպ են կիրառում: Դրա հետևանքով ընկերությունների մեծ մասը շահագրգռված չէ անգամ դիտարկելու իր ուժեղ և թույլ կողմերի վրա շրջակա միջավայրում առկա հնարավորությունների օգտագործումը՝ իր առկա ուժեղ կողմերն առավել ուժեղացնելու կամ թույլ կողմերն առավել թուլացնելու հնարավորությունների շրջանակում:

Բացի այդ նույն կերպ չեն դիտարկվում առկա վտանգների հաղթահարման հնարավորությունները՝ համաձայն SWOT վերլուծության: Ըստ SWOT մեթոդաբանության՝ S (strenghts) և W (weaknesses) ուժեղ և թույլ կողմերը վերաբերվում են ընկերությանը և պայմանավորված են ներքին խնդիրներով, մինչդեռ հաջորդ O (opportunities)- հնարավորությունները և T (threats) վտանգներն առնչվում են շրջակա միջավայրին կամ գործարար միջավայրին, որտեղ իր գործունեությունը ծավալում է տվյալ ընկերությունը:

Հայկական ընկերություններն իրենց գործունեության գերակշռող մասն իրականացնում են ՀՀ տարածքում, հետևաբար այդ միջավայրում առկա խնդիրները բացասական են ազդում դրանց գործունեության վրա: Այդ միջավայրի որակը (այսինքն՝ որքանով է գործարար միջավայրը բարենպաստ գործարարության համար) պայմանավորված է հավասար մրցակցային պայմաններով, ստվերային տնտեսության և կոռուպցիայի մակարդակով, որոնք դեռևս բավականին բարձր մակարդակ ունեն ՀՀ-ում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ, եթե ՀՀ կառավարությունը և համապատասխան պետական մարմինները տարիներ շարունակ ոչ բարենպաստ գործարար միջավայր են ապահովել, քանի որ բարեփոխումները հաջողությամբ չեն իրականացվել, ապա այդպիսի միջավայրում գործունեություն ծավալող ընկերությունները չեն կարողացել իրացնել իրենց հնարավորություններն արդյունավետ բիզնես ծավալելու տեսանկյունից, հետևաբար ուժեղ կողմերը վատ են օգտագործվել և չեն ուժգնացվել:

Բացի այդ միջավայրում վտանգներ (T) են առաջացել կամ դրանք չեն վերացվել, այսինքն գործատուները տարիների ընթացքում կորցրել են արդյունավետ գործելու հնարավորությունները, և սպասվելիք արդյունքները չեն ստացվել, հետևաբար տարիների ընթացքում աստիճանաբար կորցրել են իրենց եկամուտները, նվազել է շահութաբերությունը: Վերջին հաշվով ընկերությունների մի մասը դադարել է գործել:

Տեղի է ունեցել բիզնեսի զգալի սնանկացում: Դրա արդյունքում եկամուտների զգալի մասը կուտակվել է քիչ մարդկանց ձեռքում: Այս ամենի արդյունքում խիստ դանդաղել է տնտեսական աճը, որի պատճառով ավելացել է գործազրկությունը և աղքատությունը, ուժգնացել է աշխատանքային միգրացիան և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների էմիգրացիան դեպի այլ երկրներ: Դրանց արդյունքում նվազել է բնակչության գնողունակությունը և սպառողների ընդհանուր թիվը, սա էլ իր հերթին հանգեցրել է ընկերությունների վաճառքի ծավալների կրճատմանը և, հետևաբար, կայուն եկամուտների նվազմանը: Այսպիսով, գլոբալ առումով անարդյունավետ կառավարման հետևանքով, կարելի է եզրակացնել, որ բիզնեսը տարիների ընթացքում թույլ կառավարության պատճառով էականորեն կրել է վնասներ, և չնայած բարդությանը՝ կարելի է հաշվարկել կորուստների մոտավոր չափը:

Հետևաբար ներկայումս և ապագայում կառավարության կարևոր խնդիրներից է արագ և հաստատուն քայլերով բարելավել գործարար միջավայրը, կիրառել համանման մեխանիզմներ և նաև ձևավորել բիզնեսի վնասները կոմպենսացնելու մեխանիզմներ, այդ թվում՝ տարբեր արտոնությունների և սուբսիդիաների տրամադրման միջոցով: Միայն տարիների ընթացքում բիզնեսին պատճառված վնասների գիտակցման և ճանաչման դեպքում կարելի է հույս ունենալ, որ 2017թ. ապրիլի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունն ի վիճակի կլինի համարձակ քայլերով կատարել անհրաժեշտ բարեփոխումներ:

Գագիկ Մակարյան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Ամենաընթերցվածը