Մեր պահանջն այն է, որ մեզ հանգիստ թողնեն. առևտրականները բողոքի ակցիա են անում

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 12:39
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում մեծ թվով առևտրականներ: Նրանց թվում են Առինջ մոլի, Սուրմալու ու Փեթակ առևտրի կենտրոնների առևտրականները, որոնց մոտ հարկային մարմինները մի քանի օր է՝ ստուգումներ են իրականացնում:

Նրանք պահանջում են նախ թեթևացնել իրենց հարկային բեռը, հետո դադարեցնել ստուգումները, իրենց հանգիստ թողնել: Տոնավաճառների աշխատակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

«Մեր պահանջն այն է, որ մեզ հանգիստ թողեն: Իրենց պահանջները, որ մենք ամեն ապրանքի համար փաստաթուղթ ներկայացնենք ու հաշվապահ վարձենք, չենք կարող անել: Մենք այդ գումարը չունենք, մենք հազիվ կարողանում ենք մեր ընտանիքները պահել: Իրենց ուզածն այն է, որ ամեն ապրանքի համար փաստաթուղթ լինի: Հաճախորդը շուկայից դուրս է գալիս, ասում են՝ ո՞ւր ա քո փաստաթղթերը»,- բողոքեց Առինջ մոլի աշխատակիցներից մեկը:

Առևտրականներն ասում են, որ իրենց ոչ ոք չի իրազեկել, որ հարկային մարմինները պետք է ստուգումներ իրականացնեին տոնավաճառներում: Նրանք ասում են՝ չեն հրաժարվում հարկերից, բայց որպեսզի կոռուպցիան վերանա, թող կառավարությունը նախ փոխի օրենքները, իրենց համար հաստատագրված վճար սահմանի:

«Իմ գիտելիքները չի հերքում  որ այդքան թղթաբանություն անեմ: Հաստատագրված վճար լինի, կիմանանք, թե ամեն ամիս ինչքան գումար ենք վճարում: Մի երկու կոպեկ փող ենք աշխատում, էն էլ վարկերն ենք մարում»,- ասաց առևտրականներից մեկը:

Այն տեղեկություններին, որ նոր առևտրի կենտրոն է կառուցվում, այդ պատճառով են հարկային աշխատակիցները ճնշում առևտրականներին, որպեսզի տեղափոխվեն այդ նոր կենտրոն, առևտրականներն ասացին, որ չեն տիրապետում: Նրանք հայտարարեցին, որ կառավարության շենքի մոտից չեն գնա, քանի դեռ իրենց հարցը չի լուծվել:

Ամենաընթերցվածը