«Պատերազմը» սկսվեց. Կարեն Կարապետյանը զգուշացրեց Գագիկ Ծառուկյանին

  • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 12:19
Այսօր հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հարկային մարմինների ուշադրությունը սևեռել է «Փեթակ», «Սուրմալու», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների վրա: Հարկայինի աշխատակիցները գնում են այս առևտրի կենտրոններ և տեղի-անտեղի անհանգստացնում աշխատողներին, սպառնում, թե կտուգանեն: Այս ամենի պատճառն այն է, որ վարչապետը փորձում է հիշյալ առևտրի կենտրոնների աշխատակիցներին բերել իր և Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցվող նոր առևտրի կենտրոն, որը գործելու է «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ՝ նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում:

Այս կապակցությամբ ՊԵԿ-ը տարածել է կոշտ հաղորդագրություն, որում ասվում է, որ ՊԵԿ-ի նպատակը ոչ թե տուգանելն է, այլ տնտեսվարողներին հարկային դաշտ բերելը, եւ ստուգայցերը կանխարգելիչ նպատակ ունեն:

Հայտարարության մեջ ասվում է, որ «կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որը պետք է օրենքի դաշտում գործի, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի: Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը:

Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ», ասվում է հաղորդագրության մեջ:

Առինջ Մոլ-ի սեփականատերը, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանն է, իսկ Փեթակը եւ Սուրմալուն, ըստ ԶԼՄ-ների, կապվում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանի հետ:

Տոնավաճառներում հիմնականում կատարվում է անվերահսկելի առեւտուր, որոնց մեղավորը սակայն փոքր ու միջին ձեռնարկատերերը չեն: Նրանք ապրանքը ստանում են խոշոր ներկրողներից, որոնք սակայն շատ դեպքերում փաստաթուղթ չեն տալիս: Ընդ որում, խնդիրը ընդհաքնրապես առկա է ներկրվող լայն սպառման ապրանքների ոլորտում:

Այս խնդիրը բազմիցս բարձրացվել է տարբեր ժամանակներում, սակայն լուծում դեռեւս չկա: Փոխարենը, տոնավաճառների խնդիրը մշտապես եղել է ներիշխանական խմբավորումների պայքարի «կատալիզատոր»: Տոնավաճառների աշխատակիցներն, օրինակ, ներքաղաքական որոշակի փուլերում բողոքի ցույցեր էին անում:

Այսօր էլ նրանք բողոքի ակցիա են սկսել կառավարության շենքի մոտ:

Ներկայում Հայաստանում տեղի է ունենում իշխանության վերադասավորման գործընթացը, որտեղ անխուսափելի է սեփականության խնդիրը: Ներկայիս կառավարությունը փորձում է «նոր մշակույթ» ու խաղի կանոններ սահմանել տնտեսության մեջ, եւ այս գործընթացները չեն կարող չշոշափել խոշոր խաղացողների շահերը: Այս համատեքստում, տոնավաճառների խնդիրը կարծես թե կրկին առաջին պլան է մղվել:

Ըստ էության, ՊԵԿ հաղորդագրությունը վարչապետի զգուշացումն է Գագիկ Ծառուկյանին, որը նույնպես տնտեսա-քաղաքական նոր ստատուս-քվոյի շահառուներից է: Ընդ որում, այս «բախումը» շուտով կարող է դրսեւորվել նաեւ այլ ոլորտներում, մասնավորապես՝ խաղատների ու ձկնաբուծարանների մասով:

Ամենաընթերցվածը