Հովիկ Աբրահամյանի աներեւակայելի քայլը

    • Ներքին կյանք - 21 Ապրիլի 2017, 08:50
Նախօրեին կառավարության դիմաց բողոքի հերթական հավաքն էին անում խաղողագործները, որոնք գյուղնախարար Իգնատի Առաքելյանից պահանջում էին իրենց փողը՝ մթերման դիմաց: Մթերողն իհարկե Առաքելյանը չէ, այլ Վինար ընկերությունը: Պարզապես ընկերությունը չի տալիս մոտ 70 միլիոն դրամ պարտքը, իսկ գյուղացիներն էլ այն պահանջում են կառավարությունից:

Նախարարը գյուղացիներին հուշել էր «գնալ եւ ստանալ» փողը գույքի տեսքով, որ ունի ընկերության տնօրենը: Միաժամանակ նաեւ տարակուսել, թե ինչու՞ են խաղող հանձնել մի ընկերության, որը արտոնագրված չէր եւ նաեւ ակնհայտորեն հուսալի չէր այդ գործի համար: «Գնալ ու ստանալն» իհարկե հեշտ է ասված, թեեւ իրավացի է: Իրավացի է այն առումով, որ եթե ինչ որ մեկը չի տալիս պարտքը, ապա պետք է այն ստանալ այդ մեկին պատկանող գույքով, բայց ոչ թե այնպես, ինչպես օրինակ ստանում են քրեական աշխարհում, այլ պետություններում՝ դատական կարգով:

Գյուղացիները քրեական աշխարհի կարգով ստանալ իհարկե չեն կարող, եւ պետք էլ չէ: Բայց նրանք չեն կարող ստանալ նաեւ պետական կարգով, որովհետեւ պետական կարգով տնտեսական վեճ լուծելու համար պետք է արդարադատության համակարգ, պետք է անկախ դատարան, որը Հայաստանում գոյություն չունի: Եթե լիներ պետական արդարադատության համակարգ, ապա գյուղացիները անկասկած պարբերաբար չէին հավաքվի կառավարության շենքի դիմաց եւ իրենց բողոքով չէին խլի նախարարի կամ կառավարության թանկարժեք ժամանակը եւ չէին հոգնեցնի:

Նրանք կհավաքվեին դատարանում, եւ լուծում կտրվեր այդ հարցին: Բայց, դրա համար Հայաստանում արդարադատության նախարարը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ ազդեցիկ՝ քաղաքական առումով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել դատաիրավական համակարգի այնպիսի բարեփոխում, որ դրա շնորհիվ պետության ոչ միայն արտաքին պարտքն ավելանա, այլ պետությունը ստանա նաեւ արդարադատության իրապես անկախ գործող համակարգ: Առայժմ այդ համակարգի բարեփոխումներ կոչված գործընթացը ավելացրել է միայն վարկային բեռը:

Թեեւ, իհարկե, առավելապես մինչեւ գեղեցիկ նախարար ունենալը:

Բայց այստեղ կա մեկ այլ հարց:

Հարցին, թե ինչու՞ են խաղող մթերել ոչ այդքան վստահելի մթերողին,  գյուղացիները պատասխանել էին, թե նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էր իրենց ասել, թե գնացեք ու մթերեք, ուրիշ բանի հետ գործ չունեք:

Սերգո Կարապետյանը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնես գործընկերն էր, որն էլ դրա շնորհիվ նշանակվեց գյուղնախարար: Վարչապետության շրջանում Հովիկ Աբրահամյանն ու Սերգո Կարապետյանը մթերողներին հորդորում էին վերցնել առատ բերք ստացած գյուղացու խաղողը: Մթերողը կվերցներ առանց խնդրելու, եթե խաղողը պետք լիներ իրեն բիզնես տեսանկյունից: Բայց չէին կարող մերժել վարչապետին, նրա գյուղնախարարին: Դրա պատճառով նրանք կարող էին ունենալ խնդիրներ՝ Հովիկ Աբբրահամյանը կարող էր խնդիր առաջացնել իրենց համար կամ չլուծել առաջացած խնդիրները: Կարեւորը, որ գյուղացիները խնդիր չառաջացնեին Հովիկ Աբրահամյանի համար, ճանապարհ չփակեին եւ այլն:

Հովիկ Աբրահամյանն այլեւս վարչապետ չէ, իսկ գյուղացիները դեռեւս չեն կարողանում ստանալ նրա հորդորով խաղող մթերած տնտեսվարողների վճարելիք փողը: Նրանք գալիս են կառավարություն, որտեղ արդեն նոր վարչապետ ու նախարար է: Նոր վարչապետն ու նախարարը չեն ուզում մտնել Հովիկ Աբրահամյանի եփած շիլայի պատասխանատվության տակ: Այստեղ հասկանալի է թե այսպես ասած քաղաքական շահի, թե նաեւ կառավարման տրամաբանության խնդիրը:

Ի վերջո, Հայաստանում պետք է ձեւավորել գյուղատնտեսության այնպիսի առողջ մոդել, որ գյուղացին ու մթերողը իրենց հարաբերությունը կարգավորեն բիզնես մշակույթի եւ տրամաբանության հիմքով, իսկ խնդիրները լուծեն իրավական ճանապարհով, ոչ թե ճանապարհվեն դեպի կառավարության շենք:

Իսկ մինչ այդ, գյուղացիներին ավելի հեշտ է հասնել կառավարության շենք եւ պահանջել կառավարությունից: Եթե ուղիղ իմաստով այդ պահանջը թվում է սխալ ընթացակարգ, ապա խորքային առումով տեղին է՝ կամ ձեւավորեք դատաիրավական աշխատող համակարգ, կամ լուծեք մեր փողի հարցը:

Եթե տնտեսվարողը փող չունի, ապա այդ հարցը հնարավոր է լուծել Հովիկ Աբրահամյանի եւ Սերգո Կարապետյանի անձնական միջոցների հաշվին: Այդ միջոցներն ու ունեցվածքն այնքան շատ են, որ նրանց երկուսի համար գյուղացիների խաղողի 70 միլիոն դրամ պարտքը ոչինչ է:

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել էր, թե իրեն առաջիկայում կտեսնենք տարբեր հարթակներում: Գյուղացիները փաստորեն իրենց բողոքով նրան առաջարկում են հետաքրքիր հարթակի տարբերակ:

Հովիկ Աբրահամյանը կարող է գալ կառավարության շենքի դիմաց եւ հանդիսավոր կերպով վճարել գյուղացիների պարտքը: Դրանից հետո նրա վարկանիշը կգերազանցի ոչ միայն Կարեն Կարապետյանին, այլ Գագիկ Ծառուկյանին ու Տարոն Մարգարյանին էլ միասին վերցրած: