Ուրեմն սխալ են ներդրում անում, ուրեմն սխալ են աշխատում. գյուղնախարարը՝ ընկերությունների մասին

    • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 17:17
Գյուղատնտեսության նախարարությունը մշակում է մթերման ծրագիր, ըստ որի՝ էժան վարկեր են տրամադրելու գործարաններին՝ խաղող մթերելու համար: «Գործարանը, եթե վարկունակ է, պետք է վերցնի ու արագ գյուղացուն վճարի գումարը, որպեսզի մի տարի չպահի»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարն ասաց, որ Գյուղատնտեսության նախարարությունը չէ մեղավոր ոլորտում այսօր ստեղծված իրավիճակի համար: «Մենք պատասխանտու ենք գյուղատնտեսության ռազմավարություն մշակելու համար, ոչ թե պարտքերը վճարելու համար: Գյուղացին պետք է գնա դիմի դատախազություն, ոստիկանություն, ընդեղ ցույցեր անի, չգիտեմ: Ես չպիտի գնամ հետևեմ, որ պարտքերը տան, օրենքներ կան դրա համար: Հասկանո՞ւմ եք, Գյուղատնտեսության նախարարությունից պահանջում եք գյուղատնտեսության ամբողջ դաշտը կարգավորել, այդպես չի լինում»,- ասաց նա:

Lragir.am-ի հարցին, որ ոլորտի ընկերությունները հայտնվել են վատ վիճակում, դա հիմնականում պատճառաբանում են ապրանքի չիրացմամբ, քանի որ ապրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան: Իսկ ռուսական շուկայից կախում են ձեռք բերել ԵՏՄ-ին միանալու պատճառով: Հատկապես գինեգործական ընկերությունները դժգոհում են, որ ռուսական շուկայի պատճառով արդեն երեք տարի է անմխիթար վիճակում են հայտնվել: «Իսկ միգուցե սխալ բիզնես կառավարելուց ու հաշվարկներ անելո՞ւց»,- արձագանքեց գյուղնախարարը: Նա նշեց, որ կան հաջողված ներդրողներ: Մեր դիտարկմանը, որ խոշորներն են հիմնականում հաջողված, իսկ ոլորտի փոքր ու միջին ընկերություններն ահազանգում են, որ վատ վիճակում են հայտնվել, նախարարը նման պատասխան տվեց. «Ուրեմն սխալ են ներդրում անում, ուրեմն սխալ են աշխատում, իրանց եկամուտների սխալ հաշվարկ են անում: Եթե կա շահութաբեր բիզնես, ուրեմն այնտեղ ճիշտ մենեջմենթ է դրված, էն բիզնեսները, որոնք սնանկանում են, մենեջմենթը սխալ է դրված: Ամեն ինչ չէ, որ պատասխանատվությունը պետք է կառավարության վրա դնել»:

Մեր հարցին, որ ոլորտի ընկերությունները երկարատև վարկեր են ուզում, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Իսկ երբ որ իրենք բիզնեսը դրել են, կառավարության հետ համաձայնեցրե՞լ են, որ մենք ուզում ենք այսպիսի բիզնես դնենք»:

Դիտարկմանը, որ կառավորությունը պետք է բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծի, նա նման պատասխան տվեց. «Կա էդ նպաստը, ստեղծված է բարենպաստը»:

Մանրամասները տեսանյութում


Ամենաընթերցվածը