Տեղավորվեք ձեր լիմիթի մեջ. Վարչապետը՝ փոխնախարարին

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 16:21
Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Կրթության և գիտության նախարարության առաջարկը՝ բուհերում պետպատվերով տեղերի քանակի ավելացման մասին:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության նիստում ներկայացրեց որոշման  նախագծեր, որոնցով առաջարկվում է հաստատել բուհերում 2017-2018 ուսումնական տարվա բակալավրիատի առկա տեղերի քանակը, ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների:

Պարզվեց, որ այս նախագծերը ենթադրում են, որ այս տարվա բյուջեից լրացուցիչ միջոցներ պետք է հատկացվեն պետպատվերով կրթություն ստանալուն, քան նախորդ տարիներին, քանի որ տեղերն ավելի շատ են, քան այս տարվա բյուջեով նախատեսված է եղել: Ֆինանսների նախարարությունն  առաջարկում է նախ կրճատել գումարը, տեղավորվել նախորդ թվի մեջ, հետո էլ վերլուծություն իրականացնել, թե ինչ արդյունք են տվել պետպատվերին նախորդ տարիներին հատկացված գումարները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Մանուկ Մկրտչյանից հետաքրքրվեց. «Իրականում ո՞նց եք որոշել, էդ անալիզն արե՞լ եք, թե սենց տարեցտարի բերում եք»:

«Մենք պետպատվերի տեղերի քանակը ձևավորում ենք ըստ ուսումնական հաստատությունների հայտերի, որտեղ միջնորդավորված հաշվի է առնվում նաև…»,- ասաց Մանուկ Մկրտչյանը: Վարչապետը նրան ընդհատեց. «Պարոն Մկրտչյան, անալիզ արե՞լ եք: Ուսումնական հաստատություններն ինչքան շատ ուզեն, էնքան լավ, ընդեղ տրամաբանություն չկա: Աշխատաշուկայի վրա էլ արձագանքը մինիմալ ա շատ դեպքերում, շատ բուհեր շուկայի պահանջարկին չեն նայում: Կա՞ անալիզ՝ էսքան փող ենք դրել՝ մագիստր, ասպիրանտ, բակալավր, ի՞նչ ենք ստացել դրա դիմաց: Հարցիս՝ հա թե չէ»,- ասաց վարչապետը:

Փոխնախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ վերլուծություն չկա:

«Բա էդ դեպքում այս հայտը բերում եք, լրացուցիչ գումար եք ուզում բյուջեից, ինչի՞ եք ուզում»,- հարցրեց վարչապետը:

Մանուկ Մկրտչյանն ասաց, որ լրացուցիչ գումարի հարց չի ծագում, ինչ վերաբերում է մագիստրատուրայի տեղերին, ֆինանսների նախարարության դիտողությունն ընդունված է, ուղղակի այս որոշման նախագծում արտացոլված չէ, իրենք խմբագրված տարբերակը կներկայացնեն:

«Տեղավորվեք ձեր լիմիթի մեջ: Նամանավանդ, որ չեք հիմանվորել, որ դա էֆեկտիվ ա: Այս պատճառով ես ֆիննախի հետ համաձայն եմ: Երկրորդ, բերում եք, թե նախկին տարիներին ինչ եք արել, ճի՞շտ եք արել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

«Ճիշտը չգիտեմ, պարոն վարչապետ, բայց որ այս իրավիճաում դա նպատակահարմար ա, դա հաստատ ա»,- ասաց Մանուկ Մկրտչյանը:

«Բա որ չգիտեք, ինչի՞ եք շարունակում: Շատ հետաքրքիր պատասխան էր, ասում ա՝ ճիշտը չգիտեմ, բայց որ պետք ա, պետք ա»,- արձագանքեց վարչապետը՝ ժամանակ տալով նախագծերը ևս մեկ անգամ քննարկելու ու շտկելու համար:

Ամենաընթերցվածը