Կարեն Կարապետյանի ու Արման Սահակյանի հերթական «բախումը»

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 15:19
Կառավարության այսօրվա նիստում հերթական ուշագրավ զրույցը տեղի ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի միջև:

Արման Սահակյանը կառավարության նիստում ներկայացրեց երկու որոշման նախագծեր, որոնցով առաջարկվում էր մրցույթով պետական գույք օտարել, իսկ վարչապետը դեմ էր՝ հարցնելով, ինչո՞ւ ոչ աճուրդով, այլ մրցույթով:

«Մենք ի՞նչ եղանակով ենք օտարում, պարոն Սահակյան»,- հարցրեց Կարեն Կարապետյանը:

Արման Սահակյանը պատասխանեց՝ մրցույթով:

Միջամտեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով վարչապետին իրազեկեց, որ մրցույթ նշանակում է ոչ թե աճուրդ, այլ ներդրումային պարտավորություններ և այլն:

«Իսկ աճո՞ւրդը»,- հարցրեց վարչապետը:

Արման Սահակյանն ասաց, որ աճուրդը ներդրումներ անելու պարտավորություններ առաջ չի քաշում:

«Ես կարծում եմ, որ մենք շատ դեպքերում, երբ որ գույքը աճուրդով վաճառել ենք, հենց էդ պատճառով էլ գույքը մարդիկ ձեռք են բերել, էդպես էլ թողել են: Հիմա մենք գոնե պայման ենք դնում, որ այդ գույքի վրա որոշակի ներդրումներ իրականացնեն: Հակառակ դեպքում կարա մնա նույն իրավիճակում, մարդը կարող է ոչինչ չանել»,- ասաց Արման Սահակյանը:

Վարչապետը նշեց, որ իրականում պարզ չէ, թե որ մոդելն է ավելի լավ: «Եթե մենք աճուրդ ենք անում ու թանկ ենք վաճառում, թանկ գնված գույքը, եթե բան չի անում էդ մարդը, տրամաբանությունից հեռու ա: Եթե մենք աճուրդով ավելի թանկ կարող ենք վաճառել, ապա ես ձեզ խնդրում եմ մի հատ նորից վերանայեք, մաքսիմալ գնով վաճառելու տարբերակ ընտրեք: Պարտավորությունները դա նշանակում է վաղը գնալ հսկել՝ արեց, թե չարեց, գնահատել, կոռուպցիոն ռիսկեր են ենթադրվում: Ես կողմնակից եմ, որ այն տարբերակն ընտրենք, որն այսօր մաքսիմալ թանկ վաճառում է՝ չենթադրելով, որ թանկ փող տվող մարդն էդ կապիտալը ըտենց դնելու է կորցնի ու չաշխատացնի:  Լա՞վ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

«Լավ, պարոն վարչապետ»,- պատասխանեց Արման Սահակյանը:

Հաջորդ որոշմամբ, սակայն, նա նորից իր տարբերակն առաջ քաշեց: Այդ որոշման նախագծով առաջարկվում էր ՀՀ վեց մարզերում և Երևանում գտնվող տարիներ շարունակ չօգտագործվող անշարժ գույքը օտարել մրցույթով՝ գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 75  տոկոսի չափով, ինչը կառավարության որոշմամբ է սահմանված:

«Պարոն վարչապետ, նախ ասեմ, որ էս 75 տոկոսը դեռևս չի նշանակում, որ հենց 75 տոկոսով է վաճառվելու, որովհետև կարող է մի գույքի վրա 2-3 հայտեր լինի, և դրանից ավելի թանկ գին առաջարկեն: Դրա համար ես առաջարկում եմ, որ մենք էդ փորձն ունենք, շատ դեպքերում, եթե մենք մրցութային ձևով չանենք ու ներդրումներ չպահանջենք, ես կարծում եմ, որ մենք կհայտնվենք նույն վիճակում, ոնց որ սրանից 20 տարի առաջ»,- ասաց Արման Սահակյանը:

«Օրինա՞կ»,- հարցրեց վարչապետը:

«Օրինակ՝ գույքը ձեռք կբերեն, իսկ այս գույքերը բավական քայքայված վիճակում են, էդպես ինչ-որ մեկը ձեռք կբերի ու նույն ձևով էլ կթողի: Դրա համար մենք չենք պարտադրում, որ շատ մեծ ներդրում անի, ընդամենը մրցութային պայման ենք ասում՝ էսքան ենք դնում գինը, էդ գինը որ տվեցիր, ինչքա՞ն ներդրում կանես: Մարդ կա, ասում ա՝ ես 2 մլն դրամ ներդրում կանեմ: Թող անի, որ էդ գույքն աշխատի»,- ասաց Արման Սահակյանը:

Վարչապետը չհամոզվեց: «Դե եթե մենք աճուրդի ժամանակ ավելի թանկ վաճառենք, որ դա մոտիվացիա լինի, որ ինքը մի բան անի… Ես կարծում եմ՝ այս պահին մենք պետք է ընտրենք այն տարբերակը, որը մաքսիմալ փող կբերի բյուջե: Եթե դուք վստահ չեք, որ աճուրդով ավելի շատ կբերի, չպարտավորեցնելով ինչ ներդրում է անում, ապացուցեք, լա՞վ: Հարցե՞ր, առարկություննե՞ր, չկան»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը