Նախարարի ցնցող խորհուրդը. Տեսանյութ

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 14:35
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները՝ պահանջելով, որպեսզի կառավարությունը լուծի իրենց խաղողի գումարի հարցը: Գյուղացիներին շուրջ 70 մլն դրամ խաղողի գումար չի վճարել Վինար ընկերությունը:

«Ասում են՝ հողի հարկ եք պարտք, թուղթ չենք տալիս, էթաս վարկ վերցնես: Հիմա մենք ի՞նչ անենք էս գարնան օրով»,- գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարցրին գյուղացիները:

«Կարո՞ղ  ա Վինարի սպրիրտը տանեք»,- նրանց առաջարկեց նախարարը:

«Տանենք ի՞նչ անենք»,- արձագանքեցին գյուղացիները:

«Հիմա մեկը քեզ փող ա պարտք, չի տալիս, պետք ա գնաս մտնես տունը, ինչ ունի, վերցնես»,- քաղցրաշենցիներին խորհուրդ տվեց նախարարը:

Գյուղացիներից մեկին էլ ասաց. «Գնա Ավոյի ավտոն ձեռից վերցրու»: Ավոն Վինա ՍՊԸ սեփականատեր Ավետիք Գալստյանն է, ում գործով զբաղվում է Գլխավոր դատախազությունը:

Իգնատի Առաքելյանը գյուղացիներին մեղադրեց, թե ինչու են Վինարին խաղող հանձնել: Մարդիկ ասացին, որ ստիպված են հանձնել, այլ ելք չունեին: «Նախկին նախարար Սերգո Կարապետյանն ասաց՝ տվեք, ձեր գործը չի: Բա ո՞ւմ տայինք, Ալիևի՞ն»,- ասացին գյուղացիները:

Նրանք նշեցին, որ 420 ընտանիքից 5000 տոննա խաղող է ընդունել ընկերությունը, բայց գումարները չի տվել:

Քաղցրաշենցիները վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրի լուծում են պահանջում:

«Պարոն վարչապետն ասում ա՝ գյուղատնտեսության ոլորտում պիտի մի հատ բում անենք: Դե էդ բումը մի հատ տենանք, հո մենակ ասելով չի»,- ասացին մարդիկ:

Մանրամասները տեսանյութում