Գյուղնախարարի ակնարկը նախորդ վարչապետին. «ով որ ստիպել ա, թող տեր կանգնի»

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 13:47

Կառավարության այսօրվա նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակչության խաղողի գումարի պարտքի խնդրին:

Քաղցրաշենցիներն այսօր կառավարության մոտ նորից բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով իրենց խաղողի գումարը, որը պարտք է Վինար ՍՊԸ-ն: Այս ընկերությունը 2015 թվականին մթերած խաղողի դիմաց գյուղացիներին դեռ չի վճարել 70 մլն դրամ:

Նախարարն ասաց, որ քննարկում պետք է անեն վարչապետի ու իրավապահների հետ, տեսնեն ինչ կարող են անել: «Եթե չունի էդ մարդը գումար, չենք կարող տալ: Դատախազությունը քննություն էր անում, սպիրտը գտան, սպիրտը կոնյակի չէր»,- ասաց նա:

Lragir.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք ստեղծված իրավիճակն այն բանի հետևանք է, որ կառավարությունն ու նախկին վարչապետը 2015 թվականին ոլորտի ընկերություններին ստիպել էին ընդունել ամբողջ խաղողի բերքն այն դեպքում, երբ գործարանները ֆինանսական վատ վիճակում էին, նախարարը վրդովվեց. «Դե ով որ ստիպել ա, թող տեր կանգնի: Ես չեմ ստիպել, ես դարձել եմ իրավահաջորդ, բայց ես չեմ ասել՝ գնացեք վաճառեք: Էդ ընկերությունը ոչ լիցենզիա ուներ, ոչ մի բան, ես զարմանում եմ՝ ինչի՞ են խաղողն իրան հանձնել: Ով ստիպել ա, թող հիմա տեր կանգնի»:

Նախարարն ասաց, որ այդ գործարքի մեջ ամեն ինչն էլ անօրինական է, Վինար գործարանը լիցենզիա չունի, որակյալ սպիրտ չունի:

Հարցին լուծում կառավարությունը դեռ չունի:

«Երբ որ մի քաղաքացի մյուսին խաբում է ու ինքը ոչ մի բան չունի, ի՞նչ ելք կա: Դատարան ենք տվել, կգնա կդատվի, հետո՞: Ելքը ո՞րն ա: Քաղցրաշենցիների ցակությունը փող ստանալն է: Պետության լծան այն է, որ ասենք՝ եկեք մենք էդ փողը վերցնենք տանք Վինարի փոխարեն: Դա ճի՞շտ է: Եթե կառավարությունն էսօր Վինարի փոխարեն քաղցրաշենցիների փողը տա, դա ճի՞շտ է: Էդ դեպքում ինչի՞ բոլորին չտանք էդ փողերը, որոնք չեն ստացել: Սա բիզնես շրջանակ է, որտեղ մեկը մյուսին խաբել է»,- ասաց Իգբնատի Առաքելյանը:

Ամենաընթերցվածը