«Բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա». Վարչապետը՝ Վովա Գասպարյանին

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 11:58
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատողություն արեց մարզպետներին և համայնքների ղեկավարներին, նախարարներին ու ոստիկանապետին էլ հանձնարարեց կոշտ գործողությունների դիմել աղբահանության վերաբերյալ:

Նա անդրադարձավ համայնքների աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքներին՝ հայտարարելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է՝ վիճակն ուղղակի ողբերգական է: Նա հանձնարարեց վերացնել ճանապարհամերձ հատվածնեերի աղբի կուտակումները, մաքրել գյուղերն ու քաղաքները, ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային վայրերին:

«Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասով մարզպետների, համայնքների ղեկավարների՝ տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը: Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման համար, այլ նաև հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աբղը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանը բոլորի համար գրավիչ դարձնելու քաղաքականությունը, բայց զբոսաշրջային վայրերում անմխիթար վիճակ է:

Նա նշեց, որ հենց այսօրվանից պետք է սկսել «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Կառավարության անդամներին հանձնարարվեց երկու ամսյա ժամկետում ձեռնարկել քայլեր՝ ոլորտային ենթակայությամբ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները վերացնելու ուղղությամբ:

Արդարադատության նախարարին հանձնարարվեց երկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների համար առավել հստակ ու համապարփակ նորմեր ներդնելու վերաբերյալ:

Նախատեսված վարչական տույժերը խստացնելու, ըստ անհրաժեշտության քրեական պատասխանատվություն նախատեսելու, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակն, ըստ վարչապետի, պետք է ընդլայնվի:

Ոստիկանության պետին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելելը:

Մարզային ու համայնքային ծրագրերում, ըստ վարչապետի, պետք է հստակ սահմանվեն աղբահանության միջացառումներն ու դրանց կատարման նկատմամբ պետք է սահմանվի խիստ հսկողություն:

«Ուղղակի անթույլատրելի վիճակ ա, հանրապետությունով որ պտտվում ես, մեր զբոսաշրջիկների հետ խոսում ես, ամեն ինչ լավ ա, բացի աղբահանությունը: Պարոն Կարայան, հատուկ ուշադրություն եք դարձնում զբոսաշրջային վայրերին, Սևանի կղզու, եկեղեցու կողքը, ինչպես նաև Նարեկ Սարգսյան, բոլոր տուրիստական զոնաներում աղբահանության հետ կապված հատուկ ուշադրություն դարձրեք: Դուք մի հատ նայեք ընդեղի բուտկաները և այլ շինությունները, հատուկ էս գոտիով մի շաբաթվա ընթացքում անցնում եք ու կարգավորում: Մանավանդ էդ Սևանի եկեղեցին գնալու ժամանակ ավելի լավ ա ընդեղ ոչ մի զբոսաշրջիկ չտանես: Սևանի ճանապարհներին ձուկ վաճառողների էդ փաթեթները, եթե քամի ա, օդի մեջ ա, եթե չէ, գետինը չի երևում: Մաքսիմալ  կոշտ, պարոն Լոքյան»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Քիչ անց նա դարձյալ ընդհատեց կառավարության նիստն ու անդրադարձավ աղբահանության խնդրին:

«Ի՞նչ եմ խնդրում Մաքուր Հայաստան ծրագրի հետ կապված, Արդարադատության նախարարին, որպեսզի ինքը պատրաստի խախտումների խաղի կանոններ»,- ասաց նա: Նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նոր օրենսդրական հոդվածներ կմշակեն:

Վարչապետը նաև դիմեց ոստիկանապետին. «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, թե չեն կարող այդպես անել: «Սակայն այստեղ ամենակարևոր խնդիրն այն է՝ որտեղ հիմա արդեն կեղտոտ ա, բոլորը միանգամից վերսկսվեն այդ աշխատանքները: Եթե պետք ա օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Կարեն Կարապետյանը այսքանով թեման չփակեց, նա երրորդ անգամ նիստն ընդմիջեց ու հանձնարարական տվեց աղբահանության մասին, հետո հավելեց. «Էլ էսօր Մաքուր Հայաստան ծրագրին չեմ անդրադառնա, չնայած ժամերով կարամ խոսամ»:

Ամենաընթերցվածը