Ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը՝ ըստ Սերժ Սարգսյանի

  • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2017, 11:56
Ելույթ ունենալով Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում մեկնարկած Ազգ-բանակ համաժողովին, որ կազմակերպել է Պաշտպանության նախարարությունը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է քաղաքացու մեջ ամրապնդել երկրի տիրոջ զգացումը:

Ըստ Սարգսյանի, միայն այդպիսի քաղաքացին է գիտակցում իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար: Ըստ նրա, պատասխանատու է այն մարդը, ով ունի իր գոնե փոքր անկյունը կամ գիտե, որ իր աշխատանքով այն վաստակելու է: Այդ միջավայրում նա դաստիարակելու է իր զավակներին, որոնք տոգորվելու են սեփականատիրոջ նույն զգացումով, կարծում է Սարգսյանը:

Նա ասում է, որ իր խորին զգացումով, դա է ամենալավ հայրենասիրական դաստիարակությունը:

«Թող ոչ ոք չմոլորեցնի իրեն եւ ուրիշներին, առանց վճռական տիրոջ, հայրենի հողին կառչած կանանց ու տղամարդկանց հնարավոր չէ որեւէ հայրենասիրական դաստիարակություն», -հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ըստ նրա, միայն այդպիսի կանայք ու տղամարդիկ են ունակ դաստիարակել հողին ու ջրին նվիրված զավակներ: Նրա կարծիքով, նման մարդկանց հայրենասիրական քարոզներ կարդալ պետք չէ, նրանք անմիջապես զգում են վտանգը եւ ոտքի են կանգնում հայրենիքը պաշտպանելու:

Սարգսյանն ասել է, որ հենց դրան են ուղղված մեր երկրում իրականացվող բարեփոխումները: «Դրանք արմատական են եւ զգալի ու շոշափելի են լինելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- հայտարարել է Սարգսյանը:

Նրա խոսքով, մենք պետք է ամրապնդենք մեր դպրոցական համակարգը: «Հայրենասիրությունն ու պատվախնդրությունը բոլորիս մեջ ներարկել են մեր ուսուցիչները», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Ով է խնամում այգին՝ այգին խնամում է տերը: Մեր հայրենիքը հենց այդ այգին է, որտեղ տերը միաժամանակ մշակ է եւ ծառա: Հայրենասերը նա է, ով եւ տեր է, եւ մշակ միաժամանակ, առանց զատելու»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, տեր լինել սեփական վաստակին, երկրին, իրավունքներին, նշանակում է լինել ազատ:

«Ազատասիրությունն ու հայրենասիրությունը նույն մեդալի երկու երեսներն են, արժանի լինենք այդ մեդալին»,- հայտարարել է Սարգսյանը:

Նա նշել է, թե, «երբ ասում ենք, որ հարգելու ենք մարդու հիմնարար ազատությունները, դա մենք չենք անում ինչ որ մեկին դուր գալու համար: Մենք դա ասում եւ անում ենք, քանի որ մարդն առանց դրա լիարժեք չէ: Մեզ պետք են լիարժեք տերեր, որոնք պատրաստ են մշակել ու պաշտպանել իրենց այգին: Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ, ահա սա է մեր հայեցակարգը», հայտարարել է Սարգսյանը:

Ամենաընթերցվածը