Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը պատգամավորի թեկնածուի դիմումի մասին. Armtimes.com

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 17:07
Armtimes.com. Ինչպես տեղեկացրել էինք՝ վերջերս լրատվամիջոցների տրամադրության տակ էր հայտնվել «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Նապոլեոն Ազիզյանի դիմումը, որի համաձայն նա հայտնում է ինքնաբացարկ եւ հանում իր անունը «Ծառուկյան» դաշինքի ցուցակից:

Դիմումը ստորագրվել եւ նոտարի կողմից հաստատվել է փետրվարի 14-ին, երբ դեռ նույնիսկ առաջադրումներ չկային եւ ինքնաբացարկի մասին խոսելն ավելորդ էր: Սրանով, սակայն հաստատվեցին տարիներ շարունակ շրջանառվող տեղեկությունները, որ որոշ կուսակցություններ թեկնածուներ առաջադրելիս, նրանցից վերցնում են ինքնաբացարկի դիմում՝ ցանկության դեպքում նրանց խաղից դուրս հանելու համար:

Մի կողմ թողնելով այս հանգամանքը՝ ընդգծենք, որ Նապոլեոն Ազիզյանի դիմումի ստորագրությունը վավերացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրը՝ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանը: Իսկ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում աջակցում էր «Ծառուկյան» դաշինքին:

Այսօր փորձեցինք Աննա Աբրահամյանից պարզել՝ արդյո՞ք պատահականություն է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի դիմումն իր մոտ է վավերացվել: Հարցրեցինք նաեւ՝ քանի՞սն են եղել այդ բովանդակությամբ դիմումների տակ իր վավերացրած ստորագրությունները եւ ինչպե՞ս է ստացվել, որ դիմումներից մեկը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ:

Նապոլեոն Ազիզյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դիմումից 2 օրինակ է եղել՝ մեկն իրենց, մյուսը՝ նոտարի մոտ եւ իր համար պարզ չէ, թե ինչպես է այն հրապարակայնացվել:

Ի պատասխան վերը նշված մեր հարցադրումների՝ Աննա Աբրահամյանն ասաց, որ ինքը պարտավոր չէ պատասխանել:

Ամենաընթերցվածը