Գյումրիում անհանգիստ իրավիճակ է. Զինված ռուս զինծառայողին կարելի էր արագ գտնել

    • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 12:42
Որքան էլ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը փորձում է գյումրեցիներին հանգստացել, թե ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողը զինված չէ, բայց քաղաքում անհանգստություն կա, քանի որ որոշ լուրերի համաձայն՝ նա զինված է:

Այս մասին Lragir.am-ին փոխանցեց Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայից փախուստի դիմած ռուս պայմանագրային զինծառայողը դեռևս չի գտնվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ նա 1982 թվականին ծնված Դմիտրի Լոշմանովն է, ով ապրիլի 16-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, դուրս է եկել զորամասից և չի վերադարձել: Ըստ ոստիկանության՝ Լոշմանովը զորամասից դուրս է եկել գնումներ կատարելու նպատակով:

«Ռուսական կողմը, ճիշտ է, քաղաքի բնակչությանը փորձում է հանգստացնել, որ զինծառայողը զենքով չէ, այսինքն՝ Պերմյակով-2-ի մասին խոսք լինել չի կարող, բայց կան նաև տեղեկություններ, որ զինծառայողը զինված է եղել: Երեկ կոնկրետ ես քաղաքում մի քանի ռուս զինվորականների խմբերի եմ տեսել, ովքեր Լոշմանովի նկարն իրենց ձեռքին շրջում էին քաղաքում, մտնում էին համապատասխան օբյեկտներ, որտեղ ռուս զինվորականները սիրում են ժամանակ անցկացնել, ճշտում, արդյոք աշխատակիցները տեսել են այդ զինծառայողին, թե ոչ: Այնպես որ, ռուսական կողմն այս անգամ ավելի բաց է աշխատում: Բայց անհանգստացնող է փաստը, որ փոքր Գյումրիում ռուս զինվորը կարող է կորել և օրերով չեն կարող նրան գտնել: Այնինչ, նրան ժամերի ընթացքում կարելի էր հայտնաբերել», ասաց Համբարյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը վերահսկողության թուլության մասին է փաստում: Պերմյակովի դեպքից հետո ռուսական կողմը խոստացել էր ավելի խիստ վերահսկողության տակ պահել Ռուսաստանից Հայաստան ծառայության եկող անձանց, բայց այս իրավիճակն է:

“Բացի այդ, պետք է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն Պերմյակովի, Լոշմանովը պայմանագրային զինծառայող է: Այսինքն՝ նա շարքային  զինվորական չէ, որին զորակոչել են հեռավոր գյուղերից, որ ինքը անբարենպաստ ընտանիքից լինի կամ հոգեկան հիվանդ և նման քայլի դիմի: Եվ սրանով ևս մեկ ապացույց, որ այն խնդիրը, որը դրված էր, թե Պերմյակովը շարքային զինծառայող է եղել և հենց դրանով է պայմանավորված նրա կատարած հանցագործությունը, այդպես չէ: Ռուսական կողմը խոստացել էր, որ հետագայում պայմանագրային զինծառայողներ կուղղի Հայաստան, և հանցագործությունները կնվազեն, այդպես չեղավ: Լոշմանովը հենց պայմանագրային զինծառայող է”,- ասաց Գագիկ Համբարյանը:

Ամենաընթերցվածը