Հաճախ մանկապարտեզների տնօրեններ են նշանակվում պաշտոնյաների ազգականները. ուսումնասիրություն

    • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 12:16
Հայաստանում գործող մանկապարտեզներում առկա հիմնախնդիրները շատ հաճախ պայմանավորված են նաև որոշ մանկապարտեզների տնօրենների՝ տեղական ինքնակառավարման ընտրված անդամների, համայնքապետերի և այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազգակցական ու բարեկամական կապով: «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպությունը «Թափանցիկ մանկապարտեզներ» ծրագրի շրջանակներում ուշագրավ բացահայտումներ է արել այս ուղղությամբ: Ուսումնասիրություններն իրականացվել են Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Կապանի, Արմավիրի, Գավառի և Իջևանի համայնքապատկան 87 մանկապարտեզում:

Մասնավորապես, բացահայտվել է, որ կան դեպքեր, երբ մանկապարտեզի տնօրենն իր փորձով և կարողություններով չի համապատասխանում իր պաշտոնին, իսկ պաշտոնում նշանակվել է, քանի որ քաղաքում, մարզում ճանաչված մարդու, պաշտոնյայի կամ ավագանու անդամի ազգականն է: Որպես հետևանք` այս տնօրեններն իրենք են ընտրում մանկապարտեզի աշխատակիցներին և հաճախ են ընտրում համապատասխան մասնագիտություն չունեցող աշխատողների:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների թեկնածությունը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի ղեկավարը: Երկու խոշոր քաղաքների՝ Գյումրու և Վանաձորի մանկապարտեզներում կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնօրենների մի մասը համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների, համայնքի ղեկավարի ազգականները, մերձավորներն ու բարեկամներն են: Ազգակցական կապը, թեպետ օրենքով արգելված չէ, բայց կամա թե ակամա, ազդում է աշխատանքային փոխհարաբերությունների վրա: Նշված համայնքներում նկատելի է ՏԻՄ-ի ազդեցությունը մանկապարտեզների տնօրենների, աշխատակիցների վրա: Նրանց փոխարեն շատ հաճախ համայնքապետերը կամ այլ պաշտոնյաներ են որոշումներ կայացնում:

Ի տարբերություն ծրագրում ընդգրկված մյուս քաղաքների, Գյումրիում համայնքապատկան մանկապարտեզների տնօրենների թափուր տեղերը համալրելու նոր ընթացակարգ է մշակվել քաղաքապետարանի կողմից և 2014-ին հաստատվել ավագանու կողմից: Ըստ այդմ՝ տնօրենների ընտրությունը կատարվում է հարցազրույցի միջոցով: Սակայն, ըստ ուսումնասիրության, Գյումրու ավագանու կողմից հաստատված կարգը մինչ այժմ գրեթե ոչինչ չի փոխել նախադպրոցական կրթության ոլորտում, քանի որ թափուր տեղերի համար հայտարարված ընտրություններն անցկացվում են ոչ մրցակցային պայմաններում, հարցազրույցներին մասնակցում են քաղաքապետի կողմից մանկապարտեզների տնօրենների պաշտոններում ժամանակավորապես նշանակված անձինք ու նրանք էլ հարցազրույցի արդյունքներով դառնում են հաղթող, ընտրվում կամ վերընտրվում տնօրեններ: Հարցազրույցները, սակայն, հիմնականում անցկացվում են մեկական թեկնածուներով, նախկին տնօրեններից կամ տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներից բացի այլ մասնակիցներ չեն լինում:

Ինչ վերաբերում է մանկապարտեզների աշխատակազմին, ապա ծրագրի շրջանակներում բացահայտվել է, որ համայնքապատկան մանկապարտեզներում կադրերի համալրումը կատարվում է տարերայնորեն: Այսինքն՝ որոշ դեպքերում մանկապարտեզների տնօրեններն անհրաժեշտ իրազեկում չեն ապահովում մանկապարտեզում թափուր տեղ լինելու վերաբերյալ, այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն պարտավոր են այդ անել, և հիմք են ընդունում քաղաքապետարաններում կամ իրենց մոտ ցուցակագրված քաղաքացիների տվյալները և կրկին ոչ հստակ սկզբունքներով ընտրում կադրեր:

Ամենաընթերցվածը