Զարուհին ծուղակն է գցել Տարոն Մարգարյանին

  • Ներքին կյանք - 19 Ապրիլի 2017, 09:53
«Երկիր Ծիրանի» կուսակցության ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Տարոն Մարգարյանը հարստությանը, Փոստանջյանը նշել է, որ վստահ է՝ Երեւանի քաղաքապետի հարստության մի մասը Երևան քաղաքի բյուջեի հաշվին է գոյացել:

«Չեմ կասկածում, որ Տարոն Մարգարյանի հարստության 90 տոկոսը Երևանի քաղաքապետարանի միջոցների յուրացումն է կազմում: Եթե համեմատություն անենք, կարող եմ միանշանակ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նմանատիպ հարստություն: Արդեն 10 տարի է բարձրաստիճան պետական պաշտոնյա եմ, և ես ձեռք չեմ բերել որևիցե կարողություն և չէի էլ կարող, որովհետև այդ աշխատավարձով չես կարող նման կարողություն ձեռք բերել», ասել է նա։

Այսպիսով, Զարուհի Փոստանջյանը Երեւանի քաղաքապետին փաստացի մեղադրում է պետական միջոցների յուրացման համար: Տարոն Մարգարյանի ահռելի հարստության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, ինքը քաղաքապետն իր հարստության ծագման վերաբերյալ հոդաբաշխ բացատրություն չի տվել:

Ժամանակին ՀԱԿ-ն էր այդ հարցով դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու Տարոնի հարստության ծագումնաբանությունն ու օրինականությունը, սակայն ՀՔԾ-ն մերժել էր:

ԱԺ դեռ գործող պատգամավոր եւ Երեւանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը հիմա ներկայացնում է ծանր մեղադրանք, որին ենթադրվում է պետք է արձագանքեն իրավապահները, ըստ օրենքի:

Ինքը Տարոն Մարգարյանը հայտնվել է բավական երկիմաստ վիճակում: Եթե նա հերքի պետական միջոցների յուրացման մեղադրանքը, ապա հարց է առաջանում, թե որտեղից այդ հարստությունը: Տարբերակներից մեկը ժառանգություն ստանալն է, այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ումից է ստացել, եւ որտեղից նրան այդ հարստությունը:

Օրինակ, ժամանակին մամուլը գրեց, որ ամուսնությունից հետո Տարոն Մարգարյանը բավական պատկառելի գույք է «հարսանեկան նվեր» ստացել: Ի դեպ, Տարոնի վերջին տարիների եկամուտների հայտարարագրերում գույք չի նշվում:

Տարոն Մարգարյանը թերեւս ոչինչ էլ չի ասի, իրավապահներն էլ որեւէ քննություն չեն անցկացնի: Ասելու բան չկա, բացի այդ, Տարոնի պարագայում մեկ այլ հանգամանք էլ կա: Օրինակ, երբ ՀԱԿ-ը դիմել էր ՀՔԾ, եւ լրագրողները Տարոնին հարցրել էին այդ մասին, նա անկեղծ զարմացել էր՝ ՀՔԾ-ն ի՞նչ ա: