Երեւանի ինտրիգը. Սպասվում է հետաքրքիր մենամարտ

    • Ներքին կյանք - 11 Ապրիլի 2017, 15:18
Երեւանի Ավագանու ընտրության գործընթացը ստացվում է ավելի հետաքրքիր, քան թվում էր խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո: Բայց հետաքրքրությունը ոչ այնքան պայմանավորված է ՀՀԿ-ԵԼՔ դիմակայության հեռանկարով, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ԵԼՔ-Երկիր Ծիրանի դիմակայությամբ:

Ընդ որում, խնդիրն այն չէ, թե նրանցից ով կանցնի Ավագանի: Կանցնեն երկուսն էլ, կարծես թե, քանի որ ըստ օրենքի Երեւանի Ավագանին պետք է կազմված լինի նվազագույնը երեք ուժից: Իսկ ընտրությանը մասնակցում է առավելագույնը երեք ուժ: Հետեւաբար անցողիկ շեմի խնդիր այլեւս չկա եւ որքան էլ ցածր լինի ցուցանիշը, այն կունենա ներկայացվածություն Ավագանում:

Ինտրիգն այն է, թե Երկիր Ծիրանի նորաստեղծ կուսակցությունը, որ հիմնադրել է Զարուհի Փոստանջյանը, ինչպիսի արդյունք է ցույց տալու ԵԼՔ-ի համեմատաբար արդեն փորձառու թիմի համեմատ: ԵԼՔ-ը խորհրդարանի ընտրությանը հավաքեց մոտ 8 տոկոս, ինչը կազմեց 122 հազարից մի փոքր ավելի քվե: Ենթադրվում է, որ տոկոսային առումով ԵԼՔ-ը ավելի բարձր ցուցանիշ է ունենալու Երեւանում, թե այն պատճառով, որ ԵԼՔ-ն այսպես ասած ավելի շատ քաղաքային էլեկտորատի կուսակցություն է, թե այն պատճառով, որ չկա Ծառուկյանը, որը կլանում է ամբողջ դժգոհ էլեկտորատը: Բոլոր դժգոհները չեն, իհարկե, որ ձայն կտան ԵԼՔ-ին, բայց ակնհայտ է, որ նրանց մի մասը կգնա դեպի ԵԼՔ:

Բայց այստեղ ահա խաղի մեջ է մտնում Զարուհի Փոստանջյանը, ով բավական մոտիվացված է: Նախ, դա Փոստանջյանի նորաստեղծ կուսակցության առաջին ընտրությունն է, բացի այդ Փոստանջյանն ապացուցելու բան ունի նախկին կուսակցությանը՝ Ժառանգությանը, որը չհամաձայնեց խորհրդարանի ընտրությանը առանձին մասնակցելու Փոստանջյանի առաջարկին եւ միացավ ՕՐՕ դաշինքին: Դաշինքը ինչպես հայտնի է չհաղթահարեց անցողիկ շեմը, ստանալով մոտ 30 հազար քվե:

Փոստանջյանը մոտիվացված է նաեւ ԵԼՔ-ի մասով, այն իմաստով, որ ԵԼՔ-ը ընտրությունից առաջ տարածեց տեղեկություն, թե Փոստանջյանին առաջարկել են գլխավորել իրենց ցուցակը, էլի մի քանի առաջարկ են արել, որը նա մերժել է: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե այդ տեղեկությունը տարածելով ԵԼՔ-ը խախտել է էթիկան, քանի որ իրենք ընդամենը գործընկերային զրույց են ունեցել սրճարանում, ոչ թե ունեցել են պաշտոնական հանդիպում:

Այդպիսով, արդեն իսկ կա նաեւ ԵԼՔ-ի հետ մրցակցության խթան, ցույց տալ դաշինքին, որ միայնակ՝ այսինքն իր կուսակցությամբ կարող է ավելին:

Փոստանջյանի կուսակցության ցուցակը կազմում են լայն հանրությանն անհայտ դեմքեր: Այստեղ անկասկած խաղադրույքը կատարվում է հենց առաջնորդի վրա, որը բավական հայտնի է:

Այստեղ ստացվում է իսկապես հետաքրքիր մենամարտ, քանի որ թե Փոստանջյանը, թե Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում իշխանության հասցեին թերեւս ամենակոշտ հռետորներն են: Բայց կա մի հանգամանք: Երեւանի քաղաքապետի ընտրությունն այսպես ասած ապաքաղաքական ընտրություն է, այնտեղ չկա Սերժ Սարգսյան, Սաշիկ Սարգսյան, «հանցավոր ռեժիմ», եւ շատ դժվար է այն «մտցնել»:

Այսինքն, այն դաշտը, որտեղ կուտակել են երկու գործիչներն իրենց միավորները՝ զգալիորեն այլ է: Ըստ այդմ, նրանց կամա թե ակամա մնում է միավոր կուտակել միմյանց վրա, քանի որ հենց այդ երկու ուժն են «քաղաքականացնելու» քաղաքապետի ընտրությունը:

Ամենաընթերցվածը