Պատժվել է գեներալ Մանվելի գյուղի դպրոցի տնօրենը

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 20:52
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ նախընտրական քարոզչության համար այսօր կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողության տեսքով: Այս մասին Lragir.am-ին ասաց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նկատողությունը տրվել է մարզպետի տեղակալի կողմից:

Այս դպրոցում աշակերտների շրջանում ՀՀԿ-ի օգտին քարոզչություն էր իրականացվել: Ուսուցիչները աշակերտներին բաժանել էին ՀՀԿ կարգախոսով ու պիտակներով հայտնի կոնֆետներն ու ասել, որ ՀՀԿ-ն նրանց կոնֆետ է հյուրասիրում: Աշակերտների ծնողներն էլ բարձրաձայնել էին խնդիրը, ԿԸՀ-ն ևս ահազանգ էր ստացել խնդրի մասին:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ են գեներալ Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը՝ Նովո եւ Առաքել Մովսիսյանը՝ Շմայս: Արշալույսը գեներալ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղն է, նա ՀՀԿ համամասնական ցուցակում է:

Մուկուչյանը չմանրամասնեց, թե ինչպես է եղել դեպքը: “Հանավաբար նման դեպք է եղել, որ բաժանվել է, դրա համար էլ տնօրենը ենթարկվել է պատասխանատվության”, ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ իրավունք չկա կրթական հաստատություններում նման քարոզչություն իրականացնել: Եթե դեպքը լինում է, նշանակում է, որ կազմակերպության ղեկավարի նկատմամբ համապատասխան պատասխանատվություն պետք է կիրառվի:

Հարցին, թե այս փուլում ահազանգեր չեն ստացել այն մասին, որ հատկապես մարզերում դպրոցների ուսուցիչներին կամ պետական հաստատությունների աշխատակիցներին ստիպում են ներկա լինել ՀՀԿ քարոզարշավին, ԿԸՀ նախագան ասաց, որ նման տեղեկություն չունեն:

Պարզվում է, ԿԸՀ-ն ընտրակաշառքի խոստումների մասին ահազանգեր ևս չի ստացել:

“Երբ նման տեղեկություններ եղել են, ԿԸՀ-ն հստակ դիրքորոշմամբ է հանդես եկել է: Որևէ նման կամ այլ փաստական հանգամանք գոնե այս պահին ԿԸՀ-ին հայտնի չէ: Եթե կան ահազանգեր կամ փաստական հանգամանքներ, ապա պետք է դիմել համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի իրենց լիազորություններն իրականացնեն, որովհետև ձեր հիշատակածը հանդիսանում է քրեական հանցագործություն”, ասաց Տիգրան Մուկուչյանը: