Տնտեսության «կտրուկ աճ» է արձանագրվել. Որն է պատճառը

    • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 16:52
Հայաստանի տնտեսությունում կտրուկ աճի ապահովման նոր գործոն չկա, համենայնդեպս չի էլ հայտարարվել այնպիսի գործոնների ի հայտ գալու մասին, որոնք  մեծ անկումներից հետո կարող էին հանգեցնել էական աճի: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագիտության դոկտոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Կոտայքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Աշոտ Եղիազարյանը:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է շտապ հավաքագրած տվյալները, ըստ որոնց՝ այս տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս:

Էական աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս: Առևտրի շրջանառությունը, որը հասարակության գնողունակության ցուցիչն է և որը վերջին երկու տարիներին անկում էր արձանագրել, այս տարվա երկու ամիսներին աճել է 9.6 տոկոսով: Ավելի քան 22 տոկոսով էլ աճել է արտաքին առևտրաշրջանառության ծավալը:

Աշոտ Եղիազարյանն այս թվերն անհասկանալի է համարում՝ նշելով, որ հնարավոր է դրանք կապված են նախընտրական շրջանի հետ:

«Կտրուկ աճի հիմք չեմ տեսնում տնտեսությունում: Ոչինչ չի փոխվել, ի՞նչն է ավելացել, որ մարդկանց գնողունակությունը պետք է այդքան աճեր: Ընդհակառակը, անկման միտումները շարունակվում են: Իսկ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան թուրքական ապրանքի արտահանման շնորհիվ է, քանի որ արտահանման ճյուղում էլ աճի հիմք չկա», ասաց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ այս թվերը կապ ունեն նախնտրական շրջանի հետ, վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է հաջողություններ ցույց տալ:

«Մանավանդ, եթե հիշում ենք, նախորդ տարի Պուտինից պատվերը եղել է՝ որ դուք ԵՏՄ մտնելուց հետո 10 տոկոս աճ եք ունեցել: Մարդիկ էլ կան, որ կձգտեն դա ցույց տալ: Այսինքն՝ եթե ասվում է այդ մակարդակում, դա ընդունվում է մի այլ մակարդակում, որ պետք է այդպես աշխատեն, այդպես ցույց տան», ասաց նա:

Աճը, Եղիազարյանի խոսքով, նաև վարչապետի իմիջի հարցն: Դրանով ուզում են ցույց տալ, որ վարչապետը եկել է ու ինչ-որ փոփոխություններ է անում արդեն:

«Մանավանդ հայտարարել է, որ կկայունացնենք վիճակը, և 2018-ից աճ կլինի: Այսինքն՝ այդ հայտարարություններին զուգահեռ իրենք փորձում են ինչ-որ ձևով գոնե թվերի տեսքով, այն էլ ընտրությունների շեմին, դա ցույց տալ», ասաց նա:

Ամենաընթերցվածը