Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թեժ ու իրավատեր հետընտրական փուլ է կանխատեսում

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 16:11
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավին այսօր մասնակցում է նաև դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իշխող կուսակցությունը կրկնվող հանցագործությունների պայմաններում այսօր պետք է մտածի իր կուսակցապետի հետ պատասխանատվության ենթարկվելու մասին: Այնինչ փոխարենը, ըստ Հովհաննիսյանի, «ՀՀԿ-ն իր կուսակցապետի հետ միասին այս օրերին ընտրությունների վերաբերյալ մրցակցային գնահատականներ է տալիս կամ ֆալշ հարցումներ է կազմակերպում»: Նա սա ասաց ի պատասխան ՀՀԿ-ականների այն հայտարարությունների, թե ՀՀԿ-ն մրցակից չունի, իրենք են միակ ուժը, որին ժողովրդի մեծամասնությունը վստահում է ու ձայն կտա:

«Ցավոք, սրտի, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ տևական ժամանակ գողացվել են ընտրությունները, և այս դաշինքը ներկայացնում է այլընտրանքը, որը մրցունակ է: Կան նաև լավ թեկնածուներ մրցակից դաշինքների մեջ, և կարևորն այն է, որ հայ ժողովուրդը վերջապես կունենա իր ընտրած իշխանությունը, որից կարող է պահանջել հաշվետվություն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե հետընտրական փուլում ընդդիմադիրների համախմբման շանս տեսնո՞ւմ է, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ շատ թեժ ու իրավատեր հետընտրական փուլ է կանխատեսում:

«Այս ընտրությունները հիմնված են կեղծված հանրաքվեի վրա, իշխող կուսակցությունը դարձյալ կանխավ կեղծում է ընտրությունները: Դրա համար շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը, ոչ իշխանական դաշտը, այն դաշտը, որը չի զավթել իշխանությունը ժողովրդից, գտնի համախմբում հետընտրական շրջանում»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այս ընթացքում բացակայում էր, քանի որ գտնվում էր գործուղման մեջ, գործնական հանդիպումներ ուներ, բացի այդ, մայրն էր վիրահատվել:

Ամենաընթերցվածը