«Ելք» դաշինքը միակ ուժն է, որը չի համագործակցելու ՀՀԿ-ի հետ. Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 14:39
«Ելք» դաշինքը միակ ուժն է, որը չի համագործակցել ու չի համագործակցելու ՀՀԿ-ի հետ: Այսօր Նոր-Հաճնում նախընտրական հանդիպման շրջանակներում հայտարարեց դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ մյուս ուժերը համագործակցում են Սերժ Սարգսյանի հետ:

«Ելքը այդպիսի միակ քաղաքական ուժն է, մյուսները և գործակցում են, և գործակցել են և գործակցելու են»,- ասաց Փաշինյանը:

Դաշինքի անդամները մարդկանց կոչ արեցին ընտրակաշառքով ընտրության չգնալ:

«Եթե դուք էլի գնացիք ընտրության ու քվեարկեցիք ընտրակաշառք բաժանող ուժերի օգտին, էն ուժերի հետ, որոնք Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ են եղել, էս իրավիճակը չի փոխվելու Հայաստանում: Մենք ձեզ վստահ ասում ենք, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ձևը «Ելք» դաշինքի օգտին քվեարկելն է: Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ ուրիշ էդպիսի ուժ չկա, որի օգտին քվեարկելով երկարժամկետ առումով Հայաստանում քաղաքական իրավիճակը կփոխեք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: