Սպառնալիքները արագ են գալիս, պետք են արագ որոշումներ

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 13:57
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանին այսօր Աշտարակում նախընտրական հանդիպման շրջանակներում բնակիչներից մեկը խնդրեց միջնորդել բանակում գտնվող իր տղայի համար, ով, ըստ ծնողի, հիվանդություն ունի: Սեյրան Օահանյանն ասաց, որ քարոզարշավի շրջանակներում չի ուզում կապ պահել բանակի հետ:

«Այս քարոզարշավի ընթացքում չեմ ուզում կապ պահել, որպեսզի բանակը՝ որպես քաղաքական չեզոքություն պահպանող կառույց՝ չներքաշվի այս ամենի մեջ», ասաց Օհանյանը:

Նա Աշտատարկում մարդկանց կոչ արեց քվեի վաճառքով վտանգի չնեթարկել իրենք երեխաների ապագան:

«Մի՞թե այսօր Հայաստանի շուրջ սպառնալիքները դանդաղ են գալիս Հայաստան: Դրանք շատ արագընթաց տեմպերով են գալիս, իսկ դա նշանակում է, որ մենք էլ թռիչքային փոփոխությունների, թռիչքային աճի կողմնակից ենք: Արագ-արագ պետք է որոշումներ ընդունել ու արագ աշխատել», ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը պետք է դիմակայել միայն միասնական ու ուժեղ լինեով: «Ալիևը նորից ասում է՝ մենք հաղթելու ենք, Հայաստանին ու Արցախին ծնկի ենք բերելու, որովհետև նրանք թույլ են: Բայց մեր միասնությունը միշտ հաղթել է, բայց որպեսզի մեր միասնությունն ավելի ամուր լինի, բանակին ամուր թիկունք է պետք, ժողովրդին զենքով պայքարելու համար պետք է տալ տնտեսություն», ասաց նա:

Սեյրան Օհանյանը կրկնեց, որ իրենք իշխանության գալու դեպքում տարբեր են լինելու այլ կուսակցություններից, մշտապես հաշվետու են լինելու հանրությանը, քանի որ իրենց համար կարևորը երկրին ու ժողովրդին ծառայելն է, ոչ թե պաշտոններ ստանալը:

Անդրադառնալով ազատամարտիկների խնդրին, ինչը հետաքրքրում էր Աշտարակի բնակչությանը, Օհանյանն ասաց, որ զոհված ու հաշմանդամ դարձած Ազատամարտիկների 2000 ընտանիքներ այսօր հերթագրված են բնակարաններ ստանալու համար:

«Ես պայքարել եմ, որ տարեկան տրվող 500 մլն-ը ավելացվի, որպեսզի այդ մարդիկ 35-40 տարի չսպասեն: Այդ 18 մլրդ-ը մենք գտնելու ենք և մաքսիմում 3 տարվա ընթացքում այդ հարցերը լուծելու ենք», հավելեց նա:

Ամենաընթերցվածը