Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` ընդդիմադիր ուժերի եւ ռազմական գործիչների միջեւ քաղաքական դաշինքի վերաբերյալ

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 12:48
Հայրենակիցնե’ր,

Արցախյան պատերազմից հետո, անցած ավելի քան երկու տասնամյակում, մեր ժողովրդի մոտ ձեւավորվել էր համոզմունք, որ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը մեզ պաշտպանում է Թուրքիայի կողմից հնարավոր վտանգներից եւ զսպում է Ադրբեջանի ցանկությունը` վերսկսել պատերազմը Արցախում։

Հայաստանի եւ Արցախի սահմաններում վերջին տարիներին տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում հանրությունը վերախմբագրեց իր կարծիքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի վերաբերյալ։ Ապրիլյան «քառօրյա» պատերազմից հետո հայ ժողովրդի համար պարզ դարձավ, որ Արցախը եւ Հայաստանը պարտադրված են ինքնուրույն չեզոքացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից առկա հնարավոր սպառնալիքները` ապավինելով միայն սեփական ուժերին: Բնականաբար, մեր հանրության համար այսօր անվտանգության հետ կապված գլխավոր պահանջներն են՝ գալիք հինգ տարիների ընթացքում զգալիորեն մեծացնել ներդրումները ռազմական ոլորտում, բարելավել զինվորական ծառայության պայմանները եւ բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը երկրի պաշտպանության գործում։

Կարեւոր է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու սպառնալիքը Սերժ Սարգսյանի արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունք է։ Փաստ է, որ Հայաստանն ի վիճակի չեղավ օգտագործել միջազգային հանրության ներուժը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները կանխելու համար, նույնիսկ ապրիլյան «քառօրյա» պատերազմի ժամանակ Ադրբեջանի դրսեւորած ագրեսիան վերջինիս համար միջազգային հարաբերությունների հարթակում որեւէ բացասական հետեւանք չառաջացրեց։ Այս իրողությունը հակասություն է առաջացրել Սերժ Սարգսյանի գլխավորած վերնախավի եւ ռազմական էլիտայի միջեւ։ Նման իրավիճակ Հայաստանում եղել է նաեւ քսան տարի առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և երկրի ռազմական ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին հարկադրեցին հրաժարվել հանրապետության նախագահի պաշտոնից։ Հայաստանի այսօրվա ռազմական էլիտան չգնաց պետական հեղաշրջման ճանապարհով, այլ արժանապատվորեն դուրս եկավ քաղաքական պայքարի՝ խորհրդարանական ընտրություններում համալրելով ընդդիմության շարքերը։ Իհարկե, ժողովրդավարական պետությունում բանակը պետք է չեզոք մնա քաղաքական պայքարից, բայց այդ կանոնը չի կարող գործել այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված է շինծու ընտրությունների միջոցով եւ օգտագործվում է անօրինական հարստութուն կուտակելու համար՝ նույնիսկ երկրի անվտանգության հաշվին։ Երբ նման ապօրինի եւ անարդար կարգերը պահպանելու համար երկրի վերնախավը սկսում է ժողովրդի դեմ օգտագործել ոստիկանության ուժը, բանակը չի կարող շարունակել մնալ չեզոք. նա կարեւոր դերակատարություն է ստանձնու ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության եւ ժողովրդի լայն զանգվածների հետ միասին միավորվելով` քրեական ռեժիմը վերացելու գործում։

Ընդդիմադիր ուժերի պայքարին Սեյրան Օհանյանի մասնակցությունը այն կարեւոր հենակետն է, որը հնարավորություն է տալիս վերականգնել Հայաստանում սահմանադրական կարգը առանց լրջագույն ցնցումների։ Մեր երկրում ձեւավորելով լեգիտիմ իշխանություն, մենք կարող ենք ներդնել մեզ հասանելի արտաքին եւ ներքին ռեսուրսները, ստիպել Ադրբեջանին հրաժարվել Արցախի դեմ ուժ կիրառելու քաղաքականությունից։ Միաժամանակ, ես կարծում եմ, որ քաղաքացիական հանրությունը չպետք է մոռանա բանակի ղեկավարման վերաբերյալ գոյություն ունեցող քննադատությունը եւ օգտագործի ընդդիմադիր ուժերի ու ռազմական գործիչների  միջեւ ստեղծված քաղաքական դաշինքը՝ զինված ուժերի բազամակողմանի եւ խորը բարեփոխումների փաթեթ մշակելու համար։

Ապրիլի 2-ի քվեարկությանը աջակցելով Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր ուժերի դաշինքին` մենք սատար են կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունը ապահովելու գաղափարին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է խրամատներում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների առջեւ։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

20 մարտի, 2017 թ.

Ամենաընթերցվածը