Վիճակը բարդանում է. Վարչապետի ակնարկը Սերժ Սարգսյանին

  • Ներքին կյանք - 20 Մարտի 2017, 09:49
«Այժմ մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Ներկայի կառավարության կազմում ունենք հայրենասեր թիմ, որ թեմայի մեջ է, ձեռքն ազդակի վրա: Ապրիլի երկուսից հետո ռադիկալ փոփոխություններ չեն լինելու, այս թիմը տրամադրված է ծառայել երկրին», Ալավերդիում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարել է Կարեն Կարապետյանը:

Ո՞վ է կանգնեցնելու վարչապետի թիմին:

Եթե ՀՀԿ-ն հաղթում է, ապա ապրիլի 2-ից հետո կառավարությունը մնալու է, այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Եթե ՀՀԿ-ն ստիպված լինի կոալիցիա կազմել, դա անելու է ՀՅԴ-ի հետ, այդ դեպքում էլ ներկայիս կառավարությունը մնալու է, քանի որ այն բաղկացած է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչներից: Եթե այլ ուժեր եւս միանան կոալիցիային, բնականաբար կլինեն մի քանի փոփոխություններ, բայց ոչ ռադիկալ:

Մյուս կողմից, ՀՀԿ-ի հաղթանակն ըստ էության ապահովելու են ռեյտինգայինները, որոնք էլ տեսականում կարող են «կանգնեցնել» կառավարությանը:

Կարեն Կարապետյանի թիմին կարող է կանգնեցնել այն կուսակցությունը, որը կհաղթի ընտրությանը եւ կոալիցիա կկազմի այլ կուսակցությունների հետ: Նման հնարավորություն ունի օրինակ Ծառուկյան դաշինքը, որն արդեն հայտարարել է, որ բացառում է ՀՀԿ-ի հետ կոալիցիան: Այս պարագայում արժե հիշել մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց Կարեն Կարապետյանը եւ Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը դեմ են եղել Ծառուկյանի վերադարձին ու մասնակցությանը ընտրական գործընթացներին:

Կարեն Կարապետյանի թիմին կարող է կանգնեցնել հեղափոխությունը կամ հեղաշրջումը եւ դրա արդյունքում իշխանափոխությունը:

Մյուս կողմից, բոլոր այս տարբերակները խոշոր հաշվով տանում են մեկ տեղ, կամ մեկ հոգու՝ Սերժ Սարգսյանին, որի «էնտուզիազմից» է կախված, թե ինչ տարբերակով կզարգանան իրադարձությունները: Եթե նա չմիջամտի այս զարգացումներին, ապա ցանկացած տարբերակ էլ հնարավոր է: Սակայն դա քիչ հավանական է թվում, նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա նոր իշխանություն ձեւավորելու «քարտ բլանշ» է խնդրել ու ստացել արտաքին կենտրոններից:

Սերժ Սարգսյանը բաց է պահում 2018-ի ապրիլը, եւ դա հասկանալի է. Նախ, նրա որեւէ միանշանակ հայտարարությունն այդ կապակցությամբ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ թե ներքին եւ թե արտաքին զարգացումների համատեքստում, եւ երկրորդ՝ նրա «քարտ բլանշը» ակնհայտորեն տրված է մինչեւ 2018-ի ապրիլ, երբ ավարտվում է նրա նախագահության ժամկետը, եւ որից հետո, ինչպես ինքն է ասել՝ պլաններ չկան: Հնարավոր է՝ նա պլաններ ունի, սակայն այդ պլանները երկու կարեւոր պատճառներով չեն կարող վերջնական լինել:

Այսպիսով, Կարեն Կարապետյանն ակնարկում է հենց Սերժ Սարգսյանին, երբ ասում է՝ «եթե չկանգնեցնեն»: Իրականում, բուն զարգացումները տեղի են ունենալու խորհրդարանի «ընտրությունից» հետո մեկ տարվա ընթացքում, որը լինելու է բարդ ու բազմակողմ գործընթաց՝ տարբեր շահերով ու խաղացողներով:

Ամենաընթերցվածը