Անսպասելի իշխանափոխության տարբերակը

    • Ներքին կյանք - 19 Մարտի 2017, 15:03
Ի՞նչն է առավել «սարսափելի» ՀՀԿ համար. Ծառուկյանի հաղթանա՞կը, թե հետընտրական ցույցերը

Վերջին շրջանում ռուս փորձագետները, ընդ որում՝ շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցներում, «հասունացնում» են Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սպասվող ներքաղաքական ցնցումների գաղափարը: Տարբեր տարբերակներ են քննարկում՝ սկսած Սերժ Սարգսյանի հակառակորդների դժգոհությունից, վերջացրած ցույցերով, որոնք կարող են կազմակերպել Եվրասիական միության «արեւմտամետ» հակառակորդները:

Հնարավոր ապակայունացման մասին կարծիքներ են հնչեցնում նաեւ հայ փորձագետները, որոնք, թերեւս, երկար տարիների ընթացքում առաջին անգամ չեն կարող կանխատեսել խորհրդարանական ընտրությունների ելքը: Կարծիք կա, որ անկայունության այլընտրանքը կարող է լինել ընտրությունների «անսպասելի» ելքը:

Շատերը սովորության ուժով կանխատեսում են ՀՀԿ-ի հաղթանակը եւ Կարեն Կարապետյանի վերանշանակումը վարչապետի պաշտոնում, սակայն նրանք նաեւ խոստովանում են, որ Ծառուկյանի վերադարձի գործոնը կարող է փոխել իրավիճակը՝ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը կարող է բավարար չափով ձայներ ստանալ, որը թույլ կտա եթե ոչ միայնակ կառավարություն կազմել, ապա կոալիցիա ձեւավորել:

Ընդ որում, Ծառուկյանը նախօրոք հայտարարել է, որ ՀՀԿ հետ կոալիցիա չի կազմելու: Այլ խոսքով, եթե Ծառուկյանն ընտրություններին ավելի շատ ձայն հավաքի, քան ՀՀԿ-ն, երկրում կարող է անսպասելի իշխանափոխություն լինել:

Դա կարո՞ղ է ցնցումների պատճառ դառնալ, որին «սպասում» են ռուս փորձագետները: Ի՞նչ կկատարվի, եթե Ծառուկյանի կուսակցությունը ամեն դեպքում ստանա ձայների մեծամասնությունը, եւ Սերժ Սարգսյանը «չմիջամտի» ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու համար: Ո՞րն է ավելի «սարսափելի» ՀՀԿ համար՝ Ծառուկյանի հաղթանա՞կը, թե հետընտրական ցույցերը:

Կարնեգի կենտրոնի փորձագետներն իրենց տարածաշրջանային շատ գործընկերների պես նկատում են, որ Սերժ Սարգսյանը համառորեն չի հայտարարում ապագայի ծրագրերի մասին՝ կմնա՞ քաղաքականության մեջ, ի՞նչ դերում է տեսնում իրեն եւ այլն: Միակ բանը, որի մասին Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ բացահայտ խոսել է, ազգային համաձայնության կառավարության ձեւավորումն է: Այդ կառավարության ձեւավորման համար անհրաժեշտ է գլխավոր «պայմանը»՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում մեծամասնություն չունենա եւ կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտություն լինի: