Վարչապետը թվեր է հրապարակել

  • Ներքին կյանք - 19 Մարտի 2017, 12:48
Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ընթացիկ տարում մարզում նախատեսվում է իրականացնել 27 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում կստեղծվի 1900 նոր աշխատատեղ:

Նա նաեւ խոսել է այս ընթացքում կառավարության գործունեության արդյունքների մասին:

«Մարտի վերջին կներկայացնենք կառավարության վեցամսյա գործունեության հաշվետվությունը. բոլոր այն կետերը, որոնք նախանշել էինք, իրականացրել ենք: Երբ մշակում էինք վեցամսյա ծրագիրը, մեր գործընկերներից շատերն ասում էին՝ գուցե շատ բարձր նշաձող ենք սահմանել: Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2017 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ունենք արդյունաբերության 16 տոկոսի աճ, այդ թվում՝ ոսկեգործության՝ 340, խմիչքների արտադրության՝ 150, հանքարդյունաբերության՝ 107, ընդհանուր ապրանքների արտահանման՝ 36 տոկոսի աճ և այլն», ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ 2017-ի առաջին երկու ամիսների ընթացքում սեփական եկամուտների առումով արձանագրվել է 10,9 տոկոսի աճ, ինչը կազմում է 16 միլիարդ դրամ:

«Առաջին անգամ ընկել ենք մի ուղու վրա, որ տարեվերջին կունենանք մեր պլանավորածից ավելի եկամուտներ: Այստեղ այդքան թվերը չեն կարևոր, որքան բովանդակությունը. գիտեք, որ բազմիցս ասել ենք՝ ստեղծագործ, աշխատող, գործարար մարդու համար պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ, և այսօր հարկային դաշտում կանխավճարների ավանդույթը, որն ունեցել ենք, չկա: Ավելին աշխատում ենք կանխավճար ունեցող բոլոր ընկերությունների հետ՝ դրանք մաշեցնելու ուղղությամբ: Այսինքն, եթե մենք շարունակեինք նախկին տենդենցով՝ հարկային եկամուտների թիվն ավելի շատ կլիներ», ասել է Կարեն Կարապետյանը:

Ամենաընթերցվածը