«Տեղի է ունենում քաղաքական տոտալ կոռուպցիա՝ կրիմինալ բախումներով»

    • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 16:06
Այս քարոզարշավը փաստում է, որ ՀՀԿ-ն շարունակում է ընտրությունները դիտարկել որպես ոչ քաղաքական միջոցառում, դարձյալ գլուխ է բարձրացրել կրիմինալը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան, Ազատ դեմոկրատներ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը:

«Մի քանի քաղաքական ուժեր կան, որոնք այս ամենին մի փոքր քաղաքական բնույթ են տալիս: Բայց, ցավով եմ ասում, այնպիսի տպավորություն է, որ մենք ընդամենը դեկորացիա ենք, իրականում դրա տակ լրիվ ապաքաղաքական, բացարձակ կրիմինալ գործընթաց է տեղի ունենում: Տեղի է ունենում քաղաքական տոտալ կոռուպցիա՝ ուղեկցված կրիմինալ բախումներով», ասաց Սաֆարյանը:

Քաղաքագետը նկատում է, որ ընտրողների մոտ վախի մթնոլորտ ու ընտրակաշառքից մեծ կախվածություն կա: «Ուր գնում ենք, մարդիկ ասում են՝ էս ինչը կաշառք է բաժանում, էն ինչը բաժանում է: Ընդ որում՝ գները բարձրացնում են: Նույնիսկ շատ զավեշտալի բան է տեղի ունենում: Պարզ է դառնում, որ կուսակցություններն ու դաշինքներն այլ գումար են տալիս՝ քաղաքացուն բաժանելու համար, բայց այնքան են փայ մտնում, որ դրա տակ կոպեկներ է մնում: Մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց էդտեղ էլ են գցում», ասաց Սաֆարյանը: Նրա դիտարկմամբ՝ Երևանում փողն ավելի քիչ է «աշխատում», քան մարզերում, քանի որ մայրաքաղաքում այդ ամենը վերահսկելը մի փոքր ավելի բարդ է: Իսկ մարզերում խիստ վերահսկում են ընտրողին, մարդիկ խեղճացած են:

Ստյոպա Սաֆարյանը նաև նկատում է, որ նախորդ ընտրությունների համեմատ դրական տեղաշարժ կա լրատվամիջոցների լուսաբանման հարցում: Բացասական է այն, որ թեկնածուների առատության պայմաններում խառնաշփոթ է առաջացել, մարդիկ շփոթված են:

«Ինձ թվում է, որ ապրիլի 2-ին կհայտնաբերեն, որ սա իրենց իմացած քվեարկությունը չէ: Շատ եմ վախենում անվավեր քվեաթերթիկների մեծ քանակությունից: Չեմ տեսնում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրողներին տեղյակ պահելու իր պարտականությունները բարեխիղճ կատարում է: Քաղաքացիների հետ շփումից մենք զգում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչպես են քվեարկելու: Եթե անգամ ԿԸՀ-ն գտնում է, որ ինչ-որ բան է անում, մենք կասենք, որ ինքը լավ չի անում, մենք շփումներից զգում ենք, որ մարդիկ տեղյակ չեն քվեարկության կարգին», ահազանգեց Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա՝ բացասական է նաև այն, որ այս նախընտրական փուլում ուղիղ բանավեճերի պակաս կա:

Ամենաընթերցվածը