«Հողը երբ որ շատ չոր ա ըլնում, երկար ժամանակ պտի ջրես, որ ինքը կակղի, որ սերմը գցես, բերք տա. այ դա ենք անում». Վարչապետ

  • Ներքին կյանք - 18 Մարտի 2017, 14:25
Կառավարությունը չի կարող միանգամից լուծել մարդկանց խնդիրները, բայց քայլեր են արվում, այսօր Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ իրականում վերջին երկու ամիսներին Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում էական աճ է գրանցվել, բայց դա հասարակությունը չի զգում իր մաշկի վրա:

«Եվ մենք էնքան պտի անենք, որ գանք հասնենք մի կետի, որ հաջորդ օրը դա բերի կյանքի որակի փոփոխության: Հողը երբ որ շատ չոր ա ըլնում, երկար ժամանակ պտի ջրես, որ ինքը կակղի, որ սերմը գցես, բերք տա: Այ հիմա մենք էդ խնդիրն ենք լուծում: Մի հուսահատվեք, լավ ա ըլնելու»,- դիլիջանցիներին դիմեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հավելեց, որ արդեն այս տարեվերջից, իր կարծիքով, մարդկանց կյանքում դրական տեղաշարժ կլինի:

«Աշխատելով, հավելյալ արժեք ստեղծելով՝ պետք է հարստանանք, ուրիշ տարբերակ չկա: Մինչև մենք մեր բյուջեն չլցնենք, աշխատատեղ չստեղծենք, մեր հոգսերը չենք կարողանա հոգալ: Ո՞նց պտի անենք՝ ռեգուլյար աշխատելով, ի՞նչ պտի անենք, մենք մեր ծրագրի մեջ գրել ենք, կարո՞ղ ենք մենք դրա տակից դուրս գալ, այո: Եթե դուք սպասում եք, որ ես պիտի ասեի՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և ձեր ստարտային աշխատավարձը կբարձրանա, ոչ, բայց ես չեմ ասում, որ դա չի լուծվի: Մենք իրականում տրամադրված ենք այս տարի այնպիսի բազիս անել, որպեսզի 2018 թվականին հաստատակամ կայուն աճ ունենանք: Ես չեմ ուզում որևէ մեկին հուսախաբ անել: Մենք կարո՞ղ ենք արդեն 2017 թվականի վերջից մեր վրա զգալ, որ մեր կյանքում փոփոխություն ա կատարվում, կարծում եմ՝ այո: Ինչի՞ց ա դա կախված, մեր աշխատանքից», ասաց նա:

Ամենաընթերցվածը